Երբ այստեղից հայտարարվեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ռուսական կողմից ոռնոց սկսվեց

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը․

Պարոն Շիրինյան, Լավրովը Հայաստան այցից առաջ իր հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է և պատասխանատու, իսկ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են լայն օրակարգով և դրական դինամիկայով։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է անկեղծ Լավրովն իր գնահատականներում։

Ես հոռետես եմ այդ հարցում, բայց մի բան ակնհայտ է, որ ժողովուրդն իր տրամադրությունը չփոխի, Հայաստանը ուժեղանալու է։

Լավրովը նաև հայտարարել է, որ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը ամենադժվարներից է։

Որովհետև իրենք չեն ուզում լուծել Ղարաբաղի հարցը։ Եթե իրենք այդ հարցը լուծում են, ուրեմն պետք է ստալինյան կոնցեպցիայից, ընդհանրապես ռուսական տեսակետից հրաժարվեն։ Դա նշանակում է, որ խառնակչությունից պետք է հրաժարվեն։ Հիմա հարց՝ ինչո՞ւ ամբողջությամբ Ադրբեջանի կողմը չեն անցնում, պատճառը պանթուրքիզմն է, բացի պանթուրքիզմից ուրիշ խնդիր չունեն, դրա համար էլ նեյնիմություն են անում։ Իրենք ամենաշատն են դեմ այս հարցի լուծմանը։ Հայ պատմաբաններն են հորինել, թե իբր ռուսները սխալվել են, իրականում չեն սխալվել, հատուկ Կովբյուրոյի որոշմամբ Արցախի հարցն առանձնացվել է, որ հետո մատի վրա խաղացնեն։

Ի՞նչ կա չլուծելու։ Արցախի հարցը իրավական իմաստով, քաղաքակրթական ու պատմական իմաստով հայկական է, իսկ Ղրիմի հարցում դրանք չկան։ Իրենք ի՞նչ կապ ունեն Ղրիմի հետ։ Եվ այնպես արեցին, որ էստեղի տգետների, անգրագետների ու ստորների հետ միասին Հայաստանը դարձավ առանձին միավոր, Արցախն առանձին։ Դրա համար, երբ այստեղից հայտարարվեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ռուսական կողմից ոռնոց սկսվեց։ Ուրեմն եթե իրենք դաշնակցային հարաբերություն մեջ են,  և Լավրովն իր խոսքում իսկապես անկեղծ է, դրա ապացույցը պետք է լինի այն, որ ընդունեն՝ Արցախը Հայաստանի մաս է և վերջ։ Եթե դա չկա, անկեղծություն չկա։

Ես մի բանից էլ եմ վախում, ինձ թվում է, որ իրենք ժամանակ են շահում։ Վերջին շրջանում սկսել են խոսել, թե Հայաստանի իշխանությունների հետ խնդիր չունեն։ Եթե այդպես է, Քոչարյանի դատավարությունը վաղուց պետք է սկսված լիներ։

Իսկ հնարավո՞ր է, որ Լավրովի այդ հայտարարություններն ինչ-որ առումով պատասխան են Ռոբերտ Քոչարյանի վերջին հոդվածին, որտեղ նա սեր էր խոստովանում ռուսներին։

Քոչարյանի հոդվածը մեռնող մարդու կողմից ձեռքերը փրփուրներին գցելու օրինակ է։ Նրա ուղեղն ու գիտակցությունը 1920 թվականի բոլշևիկներինն է՝ ռուսներին կանչենք, Հայաստանն օկուպացնենք, մենք էլ դառնանք քարտուղար։ Ես այդ հոդվածը ռուսների հետ չեմ կապում։ Նա ասում է՝ փրկեք ինձ, թեկուզ Հայաստան չլինի։ Բայց այսօրվա իրավիճակում Կարմիր բանակ շարժել հնարավոր չէ։ Ժողովրդի ներքին դիմադրությունը ևս կարևոր գործոն է։ Ցանկացած ռուս՝ Լավրովից սկսած, գիտի, որ Արցախ գոյություն չունի, դա Հայաստանի մարզ է, ինչպես ասենք Ռյազանի մարզը Ռուսաստանում։ Հայաստանի նոր իշխանություններն էլ թող դրանց նեյնիմներին շատ չհավատան։ Երկիրը կարգի բերել է պետք և այս օլիգարխիան, գողապետությունը պետք է ոչնչանա։ Ամեն օրվա ձգվելը Հայաստանի կյանքից է գնում։

Թուրքերը միլիոնավոր քմ տարածք ունեն, որոնցից ոչ մեկն իրենցը չէ։ Հիմա ասում են՝ Ղարաբաղի հարցը տարածքային վեճ չի։ Նաև տարածքային է, որովհետև մեր պատմական հայրենիքը հետ բերելու հարց է։

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ