Լավրովի այցի սարսափելի նպատակը․ Նիկոլի հզոր ապտակը

Երեւանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: նա հանդիպել է վարչապետ Փաշինյանի հետ: Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ Լավրովը վերջին անգամ Հայաստան պաշտոնական այց կատարել է երկու տարի առաջ, եւ այդ ընթացքում Հայաստանում շատ բան է փոխվել: Փաշինյանը Լավրովին փաստորեն ակնարկել է, որ գործ ունի այլ Հայաստանի, այսինքն Հայաստանի այլ իշխանության հետ: Ինչո՞վ է պայմանավորված նրա ակնարկը:

ՌԴ արտգործնախարարի այցից օրեր առաջ վարչապետը որոշել էր ֆեյսբուքյան ուղիղ զրույցի միջոցով դիրքորոշում հստակեցնել Արցախի հարցում իրեն ուղղված կամ ուղղվող մեղադրանքների առնչությամբ: Փաշինյանը ՌԴ արտգործնախարարին թերեւս ակնարկել է, որ եթե Արցախի հարցի առնչությամբ պլանները չեն իրականացել երկու տարի առաջ՝ երբ Հայաստանում իշխանության էր լեգիտիմության լրջագույն ճգնաժամ ունեցող ուժը, ապա անիրականանալի են այժմ՝ լեգիտիմության մեծ ուժ ունեցող իշխանության պարագայում: Արդյոք այդ ակնարկները նշանակում են, որ Լավրովը գալիս է այսպես ասած «տարածքների հետեւից», ինչպես վերջին տարիներին:

Բարդ է ասել, իհարկե, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ խնդիրը ներկայում չափազանց նուրբ եւ նշանակալի հանգամանք է ռուսական քաղաքականության համատեքստում, եւ ոչ միայն արտաքին: Տարիներ շարունակ ստատուս-քվոյի փոփոխության վրա է կառուցվել ՌԴ ներքին քաղաքականությունը, իշխանության ներսում ուժերի հարաբերակցությունը:

Կովկասը այդ առումով ՌԴ համար զուտ ռազմա-քաղաքական տարածքային կարեւոր ռեգիոն չէ, այլ նաեւ Ռուսաստանում իշխանության ձեւավորման գործում սկզբունքային նշանակություն ունեցող ռեգիոն, այդ թվում իր ստատուս-քվոյով: Գործնականում, Կովկասում վերջին հարյուրամյակում, կամ գուցե որոշակիորեն ավելի երկար՝ մշտապես եղել է ստատուս-քվո հայերի հաշվին, եւ հենց այդ իրողությունն էլ իր տրամաբանական խորը հետքն է թողել ՌԴ-ում իշխանության ձեւավորման տնտեսա-քաղաքական գործընթացի վրա: Ացախում հայկական հաղթանակից հետո տեղի է ունեցել փոփոխություն:

Այն գործնականում կրել է իրավիճակային բնույթ, որովհետեւ 20, 25, 30 տարին «իրավիճակ» են հարյուրից ավելի տարիների ձեւավորած տրամաբանության համեմատ: Միաժամանակ, ներկայիս իրավիճակը աներկբայորեն գնում է այսպես ասած արմատավորման, ըստ այդմ «դարավոր բալանսի» վերափոխման: Ապրիլյան պատերազմում չստացվեց կոտրել պատմության նոր ընթացքը, իսկ թավշյա հեղափոխությունը տալիս է այն առավել ամրացնելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ սկզբունքորեն կարող է սկսվել ռուսական իշխանության ձեւավորման գործընթացում Կովկասի տնտեսա-քաղաքական ազդեցության տրամաբանության փոփոխություն:

Ռուսաստանը մտել է իշխանության խնդրի աշխույժ փուլ, հաշվի առնելով Պուտինի ժամկետների հանգամանքը: Կրեմլը պետք է կայացնի նոր իշխանության վերաբերյալ քաղաքական կարեւոր որոշումներ: Դա հստակ պատկերացնում են նաեւ տնտեսա-քաղաքական այն շրջանակները, որոնք Ռուսաստանում իշխանական «ինքնություն» են ձեռք բերել Կովկասի՝ հայերի հաշվին ստատուս-քվոյի լայն տրամաբանությամբ: Ըստ այդմ, Ռուսաստանում իշխանությունը պահելու գրավականը նրանք տեսնում են այդ տրամաբանության պահպանման, տվյալ դեպքում դրան վերադառնալու գործընթացում:

Հայ-ռուսական հարաբերությունը Ռուսաստանում գործնականում իշխանություն է ձեւավորելու: Եթե հայերը պահում են ռեգիոնալ ստատուս-քվոն եւ Արցախի հարցում պատմական նոր իրավիճակի արմատավորման ընթացքը, ապա դա իր էական դերն ու ազդեցությունն է ունենալու Ռուսաստանում իշխանության հարցում Կրեմլի որոշումների առումով: Հատկանշական է ռուսական մի շարք շրջանակների գրոհը Հայաստանի նոր իրադրության ուղղությամբ, օգտագործելով նաեւ հայաստանյան որոշ շրջանակների:

Նրանք լավ են պատկերացնում, որ խնդիրը Հայաստանի կորուստը չէ: Ռուսաստանին սպառնում է ոչ թե Հայաստանի կորուստ, այլ անկեսնունակ վասալի փոխարեն կնսունակ գործընկերոջ ու դաշնակցի ձեռքբերում: Պարզապես դա նշանակում է բոլորովին նոր իշխող տրամաբանություն Ռուսաստանում, ըստ այդմ ռուսական իշխանության նոր ստատուս-քվոյի ձեւավորման գործընթաց: Առավել եւս, որ ահռելի է դառնում դրա ոչ միայն արտաքին միջավայրից եկող անհրաժեշտությունը, այլ նաեւ անհրաժեշտությունը հենց ներսից, ինչն ամենից լավ զգում եւ պատկերացնում են հենց Կրեմլում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ