Գևորգ Կոստանյանը լքել է Հայաստանը՝ կասկածելի վերադարձի խոստումով․․․

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– «Հակահեղափոխությունը դիրքավորվել է Արցախում»,- մեր տաղավարում նախօրեին հնչեց Վահան Բադասյանի այս արտահայտությունը: Նա նկատի ուներ Վ. Բալասանյանի ստորագրահավաքը՝ ի պաշտպանություն Ռ. Քոչարյանի, նաև նախընտրական մթնոլորտը, որում նաև ինքն է հայտնվել: Դո՞ւք ինչ եք մտածում այս մասին:

– Ես միշտ մտածել եմ, որ Արցախը երբեք չի կարելի դարձնել քաղաքական թատերաբեմ՝ հակամարտություններ հրահրելու նպատակով, Արցախը միշտ եղել է ստերիլ վիճակում, Հայաստանի հետ ունեցել է ընդհանուր անվտանգության համակարգ, և չի կարելի այդ համակարգը խաթարել տարբեր խարդավանքների միջոցով: Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները դա քաջ գիտակցում են և անհրաժեշտության դեպքում կարող են զսպել այդպիսի գործողությունները, բայց միշտ չէ, որ հաջողվում է, որովհետև Արցախը տարածք է, որը պատկանում է յուրաքանչյուր հայի, և այսօր քաղաքական համակարգում մերժվածները, չգիտես ինչու, իրենց մեքենաների ղեկն ուղղում են դեպի Արցախ և հայտարարություններ անում այնտեղից: Ավելին՝ իրենց առաջին դեմքով չեն հայտարարություն անում, օգտագործում են մեր արցախյան հերոսամարտի հերոսներին, մասնակիցներին:

– Այսօր դատարանը նորից մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը: Կարծիք կա, որ նորից միջնորդություն կներկայացվի:

– Անպայման կլինի, Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբն իր գիտելիքները ծառայեցնում է միայն նրա խափանման միջոցը փոխելու միջոցով դատավարության մեկնարկը հեռացնելուն, դրան միտված քայլեր են անում: Եվ հիմա մեղադրող կողմը պետք է իրավական ճանապարհով ինչ-որ ձև գտնի դատավարությունը սկսելու: Ինչքան էլ ասեն, որ 70 հատորները ոչ մի բան են, անընդհատ արատահոսք է լինում տարբեր լրատվամիջոցներով, և հասարակությունը տեսնում է, որ այնտեղ արժեքավոր նյութեր կան: Ավելին՝ երեկ նկատեցի, որ նույնիսկ երկու լրատվական կառույցներ իրենց լրագրողներին գործուղել էին Մոսկվա՝ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպելու և նույնաբովանդակ նյութեր էին պատրաստել:

Ես հասկացա, որ Գևորգ Կոստանյանը լքել է Հայաստանը՝ կասկածելի վերադարձի խոստումով: Գ. Կոստանյանը զբաղեցրել է դատախազի պաշտոն և շատ լավ գիտի, որ եթե նախաքննական մարմինը գտնում է, որ նա պետք է գա և մասնակցի նախաքննության պրոցեսին, ապա պարտավոր է ժամ առաջ այստեղ լինել և ոչ թե ասել, որ իր գործերը կառուցում է՝ ըստ իր նպատակահարմարության… Նա ասում է՝ ես կորոշեմ, երբ գալ: Ես էլ ասում եմ՝ անզգույշ արտահայտություն էր դա:

Պարոն Կոստանյանը բազմաթիվ հարցերի պետք է պատասխանի, առավել ևս երբ արտահոսք եղավ գնդապետ Դաստակովի ցուցմունքից, որտեղ հստակ ասում է, որ ճանաչեց այն մարդուն, որը Մարտի 1-ի Փաստահավաք խումբ գալուց առաջ իրեն ուղղորդում էր, թե ինչպես իրեն պահի, և այդ մարդը եղել է Գևորգ Կոստանյանը: Թող նա գա պատասխանի հարցին, թե ինչու էր նախապատրաստում գնդապետ Դաստակովին Փաստահավաք խումբ կանչելուց առաջ: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանելուց փախչել հնարավոր չէ:

Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ