«Բարեբախտաբար դուք զանգահարել եք մի ֆակուլտետի դեկանի, ում գլխավորած կառույցում ծանոթով կարմիր դիպլոմ ստանալու որևէ դեպք եթե արձանագրվի, ես պատրաստ եմ կրել օրենքով սահմանված, նախատեսված բոլոր պատասխանատվությունները»,- ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ լրագրողին ասված հայտարարությանը՝ ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ միշտ համոզված է եղել, որ ԵՊՀ-ում, մասնավորապես ժուռնալիստիկայի ֆակուլտետում պետք է անպայման գերիշխող լինեն ազատ միտքը, ակադեմիական ազատությունները, ուսանողակենտրոն կրթական միջավայրը և մաքրամաքուր աշխատանքային հարաբերությունները։
Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանի գործարանի բացումից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին` արդյոք այսօր բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվա՞ծ են: Երբ Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան տվեց, լրագրողը հարցրեց` այդ դեպքում ինչո՞ւ է ինքը պատգամավոր, ինչու է խորհրդարանում: Դա հունից հանեց Ծառուկյանին.
«Աղջի´կ ջան, ես բիզնեսմեն չեմ, ես սեփականատեր եմ, դու ի՞նչ ես ավարտել:ԵՊՀ-ն ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի»: Երբ լրագրողը նշեց, որ ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը կարմիր դիպլոմով, Ծառուկյանը հավելեց. «Երևի լավ չես ավարտել, ծանոթի միջոցով ես ավարտել: Բա ո՞վ լինի պատգամավոր, դո՞ւ ես ուզում լինես պատգամավոր: Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի կարում դնի»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԵՊՀ ավարտածը կարող է լրագրությամբ զբաղվել, Մարտիրոսյանը նշեց, որ հայտարարությանը ծանոթ չէ, դրա մասին կարող է մեկնաբանություն տալ միայն ծանոթանալուց հետո։
«Միշտ համոզված եմ եղել, որ լրագրողն իրավունք ունի ցանկացած հարց տալու և լսելու ցանկացած պատասխան։ Որևէ մեկը չի կարող լրագրողին ասել, թե ինչու եք նման հարցը տալիս և որևէ լրագրող չի կարող դիմացինին ասել՝ ինչու եք ինձ այդպես պատասխանում։ Կարծում եմ՝ ինչ-որ թյուրըմբռնում է եղել, բայց լիարժեք մեկնաբանելու համար պետք է ծանոթանամ նյութին»,-նկատեց դեկանը։