Փչացած դպրոցական, բուհական համակարգ ենք ժառանգել․․․Ոչինչ էլ չի պատահել, պարզապես մտել ենք փոփոխությունների փուլ

«Ոչինչ էլ չի պատահել, պարզապես մտել ենք փոփոխությունների փուլ, իսկ որոշ մարդիկ սովոր էին կոմֆորտ զոնայի: Այժմ այդ կոմֆորտ զոնայի սահմանները խախտվում են»,- անդրադառնալով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման ոչ պարտադիր լինելու դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց  պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

Նրա խոսքով՝ երբ հեղափոխական լավան սառչում է և որոշակիորեն ընդունում իր վերջնական տեսքը, բնականաբար լինում են խութային բախումներ. «Սա շատ նորմալ է, ես զարմանում եմ, որ էս ամենը ավելի շուտ չէր դուրս եկել ջրի երես, ինչը բնորոշ է նման անցումային փուլերում ապրող հասարակություններին»:

Խոսելով գործընթացի այլ գործոնների մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Այդ գործոններից կարևորագույնը նախկին վարչակարգի գրոհների և նրանց բերած կեղծ գաղափարախոսական դոկտրինների և կեղծիքների դաշտի վերացման փորձերն են, երբ բազմաթիվ հարցերում մեզ սնուցել են այլ կերպ, քան կարելի էր, և ՀՀ քաղաքացու արժանապատիվ ապրելը, սերն առ պետականություն փոխարինվել է պաթոսախեղդ ճառերով»:

Վահրամ Թոքմաջյանն ընդգծեց՝ եթե ուզում եք ներքին թշնամի գտնել, ապա ամենամեծ թշնամիները եղել են այդ կեղծիք պարտադրողները. «Եվ հիմա աղմկում են այդ մարդիկ: Իսկ արժեհամակարգային տարբերություն ունեցող մարդիկ, ի տարբերություն աղմկողների, ավելի շատ գործում են բանավեճի, կառուցողական քննարկումների, հանդուրժողականության դաշտում»:

Մեր զրուցակցի խոսքով՝ կան թեմաներ, որոնք շատ լավ օգտագործում են գործող իշխանության դեմ՝ ազգային շղարշով պատված. «Աազգայինը լավ բան է, բայց երբ անարժաններն են սկսում օգտագործել դա, նրանք արժեզրկում են այդ բառը: Նրանք բռնել են այս գիծը և շարունակելու են տանել, քանի դեռ որոշ լատենտներ չեն բացահայտվի»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ