Լրացուցիչ 1000 ընտանիքների անասուններ կտրամադրվեն կառավարության կողմից

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, որն ուղղված է ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի ներդրմանը։ Մասնավորապես, Աշխատանքի և սոցիալական հաւրցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստում ասաց, որ այս որոշմամբ աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն է տրամադրվում։ Լրացուցիչ 1000 ընտանիքների անասուններ կտրամադրվեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աղքատության հաղթահարման անունը Հայաստանում աշխատանք է, այլ ճանապարհ գոյություն չունի։ «Մենք հազար ընտանիքի անասունը տալիս ենք, կերը տալիս ենք, ականջի դրոշմանիշը տալիս ենք, հաշվառում ենք, խորհրդատվությունը տալիս ենք, այս ամենը ինչ տալիս ենք և ասում, որ՝ սա ձեզ տալիս ենք, որպեսզի դուք ձեր աշխատանքով հաղթահաարեք ձեր աղքատությունը։

Սա շատ կարևոր ծրագիր է, պետք է լինի աղքատության հաղթահարման քաղաքականությունը։ Չի կարող լինել աղքատությունը հաղթահարելու այլ ճանապարհ, քան աշխատանքն է»,-ա սաց նա։ Իսկ երկարաժամկետ հատվածի համար որպես աղքատության հաղթահարման ճանապարհ, ըստ վարչապետի, պետք է լինի կրթությունը։

Կրթությունն է մարդուն աշխատանքի շուկայում տալիս մրցունակության հնարավորություն։ Բայց, ըստ Փաշինյանի, պետք է հստակ արձանագրել, որ դիպլոմը դեռևս կրթություն չէ։ «Եվ ահա այս հարցի լուծումն է, որ պետք է լինի ԿԳՄՍ գործուննեության առաջնահերթությունը։ Այս հարցի լուծումն առաջացնելու է բազմաթիվ դիմադրության դեպքեր։ Այս ձևակերպումն ինքնին հարվածում է բազմաթիվ դիպլոմ ունեցող և դիպլոմ տված մարդկանց գործունեությանը»,- ասաց նա։

Միաժամանակ վարչապետն ասաց, որ Հայաստանում ազնիվ աշխատանքն է խրախուսվում։ Հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ անձ որևէ բարեկեցության շանս չպետք է ունենա։ Նա նաև ասաց, որ որոշ շրջանակներ մարդկանց անընդհատ վախեր են ներշնչում՝ օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, կեղծ կարգախոսեր դնելով շրջանառության մեջ։

«Եթե որևէ մեկին թվում է, որ մեզ դրանով պետք է վախեցնեն, իրենք սխալվում են։ Նրանք հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցք և այնտեղից դուրս չեն գալու երբեք։ Իսկ մարդկանց մոտ պատկերացումը շարունակում է մնալ այն, որ պետք է լինեն մարդիկ՝ իշխանությունից կամ իշխանությանը մոտ, որոնք պետք է անցնեն՝ փողեր բաժանելով, ձեթ ու բրինձ բաժանելով։ Այս պատմությունն ավարտված է ՀՀ-ում։ Երբ ասում են՝ մարդն ի՞նչ անի, մենք ասում ենք՝ ինչ անի։ Փողը տալիս ենք, կովը տալիս ենք կամ մանր եղջերավոր անասունը, պայմաններ ենք ստեղծում մարդկանց համար»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ պետք է նաև վերահսկողություն լինի, որպեսզի «Բրաբուս» քշողները այսպիսի աջակցություններից չօգտվեն։ Ինչպես նաև պետք է վերահսկել, որ անապահով ընտանիքները չմորթեն այդ կենդանիներին ինչ-որ խնդիրներ լուծելու համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ