«Հունիս ամսին 2 անգամ զանգեցի Նիկոլ Փաշինյանին, ինքը հետ չզանգեց». Վազգեն Մանուկյան

Հանրային խորհուրդն այսօր նիստ է գումարել, որի օրակարգում երկու հարց է՝ Հանրային խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա քայլերը և Արցախի հարցում ի՞նչն է ենթակա քննարկման և ի՞նչը՝ ոչ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ վերջերս Հանրային խորհրդի վրա մեծ հարձակում է սկսվել: Նա ասաց, որ առաջինը հարձակումն ուղղված է անձամբ իր դեմ: Երկրորդ, հարց է բարձրացվում՝ ընդհանրապես Հայաստանին Հանրային խորհուրդ պետք է, թե ոչ: Երրորդ հարցն այն է, թե արդյոք Հանրային խորհուրդը արդյունավետ է աշխատում, թե՞ ոչ:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ ինքը հեղափոխություններին կողմ չէ, բայց ստեղծվել էր մի իրավիճակ, որը հույս էր տալիս, որ մեր պետությունն ինչ-որ ճանապարհով պետք է գնա: Բայց ինչ-որ փուլից ինքն սկսել է հիասթափվել, քանի որ տեսել է՝ այն ինչ արվում է երկրում, մեզ չի տանելու փոփոխությունների ճանապարհով:

«Քննարկումները վեթինգի մասին, անցումային արդարադատություն, Մարտի մեկի գործը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները… Եվ ես անհանգստացած՝ հունիս ամսին որոշեցի Նիկոլ Փաշինյանին հանդիպել, իմ կասկածներն ու մտահոգությունները հայտնել: Հունիս ամսին ես երկու անգամ իրեն զանգեցի, ինքը հետ չզանգեց, դա աննախադեպ էր, որովհետև այդպիսի բան նախկինում ոչ իր հետ էր եղել, որ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ես զգացի, որ էդ մարդը չի ուզում խոսել:

Դրանից հետո մենք հուլիս ամսին որոշեցինք անցկացնել տեսլականների քննարկում, որովհետև մենք բոլորս հասկանում էինք, որ եթե պետությունը չունի տեսլական, ապա ո՞նց պետք է գնահատես՝ որ քայլն է ճիշտ, որը ոչ: Հուլիս ամսին ես որոշեցի նամակ գրել վարչապետին, որ ինքը քննարկում կազմակերպի՝ կառավարության տեսլականը և նաև հարյուր քայլերը: Ոչ մի պատասխան չեղավ»,- ասաց նա:

Մանուկյանն ասաց, որ դրանից հետո ինքը շարունակեց իր խորհուրդները տալ տարբեր հոդվածների միջոցով, որոնք պարունակում էին խորհրդատվություն՝ և Սահմանադրական դատարանի, և Արցախի հարցերի մասին: «Բայց այն, ինչից ես անհանգստանում էի ամառը, ես տեսնում եմ, որ նույն ձև շարունակվում է Հայաստանում: Ինձ համար ու, կարծում եմ, մեր քաղաքացիների համար դա ընդունելի չէ: Որոշակի վախի մթնոլորտ կա շատ մարդկանց մոտ, որովհետև պարզ չէ, թե ում կարող են ձերբակալեն, ում չեն կարող ձերբակալել:

Եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա լրիվ ուրիշ տեղ են գնում սլաքները: Սա ձգտում է մի ձեռքում վերցնել իշխանություն: Ես տեսնում եմ, որ մենք հիմա ապրում ենք մի երկրում, որը շատ մոտ է 37 թվականին, քան ազատության հռչակումը: Եվ այս վտանգը բոլորի շեմին է կանգնել: Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է դիմադրի և նաև բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը Հայաստանի համար: Մենք շատ թուլանալու ենք, հետ ենք գնում»,- ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ իշխանություններն իրենք քայլերի հիմքում շատ անգամ ի՞նչ են դնում, ասում են՝ ժողովոհրդը մեզ հետ է: «Կներեք, դա ինձ համար ընդհանրապես փաստարկ չէ, որովհետև կա ճշմարտություն և ոչ ճշմարտություն: Այդ թվերն ինձ համար զարմանալի չեն, եթե 49 տոկոսը մասնակցել է ընտրություններին, 72 տոկոսը քվեարկել են, դա չնչին բան է»,- ասաց նա:

Իշխանությունների երկրորդ փաստարկն, ըստ Վազգեն Մանուկյանի, այն է, որ՝ եթե մեզ չլսեք, հները կվերադառնան: «Գիտեք ինչ կա, մենք հին ու նոր չենք տեսնում, բայց մենք մտել ենք նոր փուլ, հին փուլը երբեք չի կրկնվելու: Ցանկացած ժողովրդի կարելի է հիմարեցնել, բայց ոչ երկար ժամանակով: Եվ երրորդ փաստարկը, որ բերվում է, իրենք ավելի ժամանակակից են, աշխարհն ավելի լավ են պատկերացնում:

Ես կարծում եմ, որ՝ ոչ, այդ երիտասարդների մի մասը մնացել է 90-ականների գաղափարների մեջ: Ես գտնում եմ, որ պետք է դիմադրել, պետք է նաև բացատրել, որովհետև շատ բան բացատրելով է ստացվում: Ես չեմ կարծում, որ մտածված ծրագիր է, ուղղակի ակամայից է ստացվում: Ես ինքս իմ ապագայի վերաբերյալ որոշում կընդունեմ, մենք հիմա դրա համար չենք հավաքվել: Բայց այն մյուս հարցերը, ես խնդրում եմ, որ լայնորեն մի հատ քննարկվեն»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ