ՔԿՀ-ներում մասնավոր ընկերության պատրաստած սնունդը գոհացրել է Արդարադատության փոխնախարարին

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ծանոթացել փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի որակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծրագիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ հոկտեմբերի 16-ից:

Փոխնախարարը և ՔԿՎ պետը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ եղել են ճաշարանում, համտեսել ՔԿՀ-ում պահվող անձանց համար պատրաստված սնունդը, զրուցել դատապարտյալների հետ:

Փոխնախարարի խոսքով՝ մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակը գոհացնող է, արդյունքները՝ շոշափելի. սննդից օգտվող դատապարտյալների և կալանավորված անձանց ցուցանիշը 100% է, նկատվում է նաև հանձնուքների թվի նվազում:

Կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում,  մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը և այլն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ