Կամաց- կամաց գողոնը վերադարձվում է պետական բյուջե

«2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:

Այսպես, 2019-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 190 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 21.5 մլրդ դրամով կամ 12.6%-ով: 100 խոշոր հարկատուները, 2018թ. համեմատ, վճարել են 50 մլրդ դրամով ավելի հարկ: 2019թ. հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 119 մլն դրամի հարկ, 2018-ին` 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին` դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորության կատարումը»:

Վարչապետի կողմից ներկայացված վիճակագրությունը վերցված է պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված «հաշվետվությունից» և, բնականաբար, համապատասխանում է իրականությանը: Բայց ներկայացված թվերը տալիս են ընդամենը մեկ տարվա պատկերը. 2018թ. սեպտեմբերից մինչև 2019թ. սեպտեմբեր ժամանակային միջակայքը, որով մեծ առումով հնարավոր չէ պատկերացում կազմել ընդհանուր զարգացման վերաբերյալ կամ զարգացման միտումների վերաբերյալ ընդհանրապես:

Հատկապես հետհեղափոխական Հայաստանի պարագայում, երբ տնտեսության մեջ մեծ ստվեր կար ու թե որքանով է այն բերվել հարկային դաշտ, հնարավոր է տեսնել միմիայն մի քանի տարիների համապատասխան ցուցանիշների համեմատության մեջ: Ասենք, սկսած 2015-ի առաջին իննը ամիսներից մինչև այս տարվա համապատասխան ժամանակամիջոցը, որ ներառում է Հովիկ Աբրահամյանի վարչապետությունից սկսած, Կարեն Կարապետյանով շարունակված, մինչև պարոն Փաշինյանի վարչապետության այս փուլը ներառյալ:

2015թ. առաջին իննը ամիսներին հազար խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել են 515.5 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր: 2016թ. նույն ժամանակամիջոցում՝ 525 մլրդ դրամի: Աճը կազմել է 9.5 մլրդ դրամ կամ հազիվ 1.8%: Ընդ որում՝ 2015թ. 10 ամենախոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 144.1 մլրդ դրամ, 100 խոշորները՝ 323.1 մլրդ դրամ: 2016-ին առաջին իննը ամիսներին հանրապետության 10 ամենախոշոր հարկատուները ամբողջ 7.3 մլրդ դրամով կամ շուրջ 5%-ով պակաս հարկ են վճարել, քան 2015թ. նույն ժամանակամիջոցում:

Մինչդեռ, 100 ամենախոշոր հարկատուները ավելի քան 7.5 մլրդ դրամով կամ 2.3%-ով ավելի են վճարել, քան 2015-ին: 2017-ի հունվար-սեպտեմբերին հազար խոշոր հարկատուները վճարել են 579.2 մլրդ դրամի հարկ, որ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ավելի է եղել բացարձակ թվով՝ ավելի քան 54 մլրդ դրամով կամ գրեթե 9.5%-ով: 10 ամենախոշորները նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ավելի են վճարել՝ ավելի քան 10 մլրդ դրամ կամ գրեթե 7%-ով: Հարյուր ամենախոշորները ավելի են վճարել՝ ավելի քան 28 մլրդ կամ գրեթե 8%-ով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ