Գործնականում, Սերժ Սարգսյանը Փաշինյանի համար ստեղծեց անկեղծ զրույցի «ինֆորմացիոն առիթը», որն էլ Փաշինյանն օգտագործեց․․․

Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, թե մոտենում է քաղաքացիների հետ «անկեղծ զրույցի» ժամանակը, քաղաքացիների հետ անկեղծ զրույցի շարք սկսեց Նիկոլ Փաշինյանը, ընդ որում շարքի ամենասկզբում անդրադառնալով Արցախի հարցում իր հասցեին մեղադրանքներին: Գործնականում, Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար ստեղծեց անկեղծ զրույցի «ինֆորմացիոն առիթը», որն էլ Փաշինյանն օգտագործեց:

Արցախի հարցում պարբերական մեղադրանքների նա արժանանում է թավշյա հեղափոխությունից ի վեր, ինչպես արձանագրեց ինքն էլ: Ինչու՞ հանկարծ նա որոշեց պատասխանել այդ մեղադրանքներին այժմ, երբ կարծես թե դրանք այնքան էլ ուժգին փուլում չեն: Փաշինյանի անդրադարձը կամ «ինֆորմացիոն առիթը» ըստ երեւույթին ուներ այլ հասցեատեր, եւ այդ հասցեատերը Հայաստանի հանրությունը չէր:

Վարչապետն առիթն օգտագործեց որոշակի դիրքորոշում վերհաստատելու եւ Հայաստանի քաղաքականության համար համահայկական մանդատի հանգամանքը վերհաստատելու հարցում: Այդ մանդատը վերհաստատվում էր ամենեւին ոչ հայկական լսարանի համար: Հասցեատերը թերեւս Հայաստանից դուրս էր, բայց գուցե Հայաստան այցելել պատրաստվող որեւէ մեկը: Օրինակ, առաջիկայում սպասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան:

Դրանից առաջ ռուսական Կոմերսանտ պարբերականը, որը տարիներ շարունակ հայտնի է հակահայկական տարաբնույթ անդրադարձերով, տեղեկություն հրապարակեց, թե Լավրովի այցի ընթացքում կստորագրվի հուշագիր՝ Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ կառուցված կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի հնարավորության վերաբերյալ: Ադ թեման, ի դեպ, շոշափվում է դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանից: Հետաքրքիր էր Երեւանի անդրադարձը:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Լավրովի այցը ներառում է հայ-ռուսական լայն օրակարգ՝ երկկողմ, ռեգիոնալ հարցեր ընդգրկող, իսկ լաբորատորիաների հարցում կա բանակցություն, երբ այն ավարտվի, արդյունքը հայտնի կլինի: Կոմերսանտի հրապարակման առնչությամբ նախարար Մնացականյանը հայտարարել էր, որ անհարմար է, երբ աղբյուրները դուրս են հանում տեղեկություններ եւ անտեղի քամի ստեղծում: Ո՞ր աղբյուրների, ի՞նչ տեղեկություն դուրս հանողների եւ անտեղի քամու մասին էր խոսում ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանի խոսքի տողատակում թերեւս նկատելի էր ակնարկը, որ Լավրովի այցից առաջ Կոմերսանտի միջոցով փորձ է արվել Հայաստանը դնել որոշակի ճնշման տակ: Բայց լաբորատորիաների հարցո՞ւմ, թե՞ այդ հարցն այսպես ասած շեղող մանեւրն է, իսկ բուն խնդիը կարող էր լինել Արցախի հարցը, որտեղ անկասկած շարունակվում է եւ երկար է շարունակվելու դիրքային պայքարը: Եվ այդ պայքարում Ռուսաստանն անշուշտ պարբերաբար փորձելու է Ադրբեջանի ուղղությամբ իր հարաբերության դիրքերն ամրացնել Հայաստանից թեկուզ որեւէ խոստում կորզելով՝ կստացվի՞, լավ, չի՞ ստացվի, հոգ չէ իհարկե՝ բայց գոնե փորձած կլինեն:

Առավել եւս, որ Հայաստանն էլ հեղափոխությունից հետո ուղիղ պատասխանատվության առաջ է դրել Մոսկվային պատերազմի սպառնալիքի առումով, եւ Ռուսաստանն այստեղ ունի որեւէ կերպ այդ պատասխանատվության ճնշումը թուլացնելու անհրաժեշտություն: Այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերությունը ներկայում գտնվում է «գոտեմարտի» ռեժիմում, եւ այստեղ Արցախի հարցն առանցքայիններից է լինելու տեւական ժամանակ, ու ամեն անգամ Երեւանի համար անհրաժեշտ է լինելու պահել ամրությունը:

Առավել եւս, որ այդ հարցը լրջագույն ռիսկերի փուլ կարող է մտնել ՌԴ իշխանության ներսում տարբեր խմբերի եւ թեւերի պայքարի ուժգնացման հեռանկարի ֆոնին: Այդ հանգամանքը լավ է պատկերացնում Սերժ Սարգսյանը, որն իր նախագահության տասնամյա շրջանում ստիպված էր լուրջ ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ «գոտեմարտի» ուղղությամբ, չունենալով ներքին լեգիտիմություն ու նաեւ գործնականում թիկունք՝ համարժեք ընդդիմության տեսքով:

Ի վերջո, երբ Սարգսյանը հայտարարում է, որ կարող է «անկեղծ զրույց» ունենալ, թերեւս բոլորն են հասկանում, թե հարցերի ինչ լայն շրջանակ նա կարող է շոշափել այդ անկեղծության ընթացքում: Հատկապես, երբ Սարգսյանն այնքան անկեղծ է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո չի շնորհավորել ՌԴ նախագահ Պուտինի ծննդյան տարեդարձը, եւ Պուտինն էլ իհարկե չի շնորհավորել նրանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ