Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել երգիչ Գոռ Սուջյանի գրառման վերաբերյալ, թե ինքը հավանություն չի տվել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը.
«Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:
Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան՝ հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։
Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»։