«ՊՆ-ի համար ամեն ինչ պարզ է»․ Տոնոյանը՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից եղել են թերացումներ։ Դրանք եղել են դավադիր գործողություններ հակառակորդի կողմից։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի թերությունները վերլուծվել են, և մենք քաջատեղյակ ենք դրանց մասին»,-ասել է Տոնոյանը։

Հարցին,՝ պատրա՞ստ է այցելել քառօրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, նախարարը պատասխանել է` այո՛, ապա հավելել, որ իրեն դեռ չեն հրավիրել։

Դիտարկմանը՝ ստացվում է՝ ՊՆ–ի համար ամեն ինչ պարզ է, և քննիչ հանձնաժողովը քայլեր է անում, որպեսզի հանրությա՞նը ներկայացնի դեպքերի մանրամասները, Տոնոյանը պատասխանել է` կարելի է այդպես ասել։

«Ինձ համար պարզ է` ինչ է կատարվել ու ինչպես է կատարվել։ Մյուս կողմից, ես կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներից հետո ապրիլյան պատերազմի մասին հանրության մեջ առկա բոլոր ասեկոսեները կփարատվեն։ Ես ակնկալում եմ նաև, որ նման հանձնաժողով մյուս կողմում լինի»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ մայիսի 20-ին: Խոսելով Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերի» մասին՝  նա նշել էր, թե հասունացել է 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 5–ին լրագրողներին հայտնել էր, որ ՊՆ աշխատակիցներ են հարցաքննվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ