«Ժողովրդին 20 տարի մատաղ արեցիր, որ դու լափես, բա դու դրա պատասխանը չե՞ս տալու». Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

Տիկի՛ն Մնացականյան, նախընտրական շրջան է Հայաստանում, հասարակությունը կողմնորոշվա՞ծ է, թե ի՛նչ ընտրություն է անելու՝ հաշվի առնելով այն, որ մեծ թվով ուժեր են մասնակցում ընտրություններին:

— Շատ ուժեր են մասնակցում ընտրություններին՝ որպես ո՞ւժ, թե՞ որպես գլխաքանակ:

Այստեղ կողմնորոշվելու հարց չկա, ես չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, որ կընտրեն այն ռեժիմը, որը մերժել ենք: Ընտրել Հանրապետականին՝ նշանակում է էլի ընտրել Սերժին: Դրա մեջ ի՞նչ կա կողմնորոշվելու: Ամեն դեպքում ես չեմ հանդիպել մի մարդու, որը սթափ ուղեղ ունենա և որոշի հետ դառնալ ու կեղեքողներին, 20 տարի մեր կյանքից խլած մարդկանց ձայն տա:

— ՀՀԿ-ն ասում է՝ եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին:

— Այսինքն՝ դա ի՞նչ լոզունգ է: Իմիջիայլոց, դա բավական անգրագետ լոզունգ է: Այդպիսի արտահայտություն չկա՝ եթե մտահոգ ես, ընտրի՛ր ինձ: Այնտեղ հայերեն իմացությամբ գրագետ մարդ չկա՞ր: Ամեն դեպքում, ես մտածում եմ՝ կգտնվի՞ այդ աստիճանի անինքնասեր մարդ, որ նրանց ընտրի: Այդ ինչքան հոգով ստրուկ պետք է լինես, որ անգամ մտածես դրա մասին:

— Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած ուժով շարունակում է առաջին տեղում լինել այս նախընտրական փուլում: Կան դժգոհություններ, որ նա նախորդ վեց-յոթ ամիսներին չկարողացավ մարդկանց համար շոշափելի զարգացում ապահովել երկրում: Դա կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքի վրա, մարդկանց ոգևորությունը նո՞ւյնն է, թե՞ նվազել է:

— Գիտեք՝ ոգևորությունը չի կարող միշտ լինել, չես կարող միշտ սիրահարված լինել, գալիս է սիրո էտապը: Դու չես կարող անընդհատ ոգևորված լինել, գալիս է արժևորման փուլը: Ոչ ոք չի հիասթափվել, որովհետև այս ամիսների ընթացքում, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չի արել մի քայլ, որ կշռադատված և մտածված չլինի և հակասի ինքն իրեն: Ինձ միշտ ասում են. «Բա չե՞ս վախենում, որ հետո վատ կլինի»: Ես ի՞նչ գործ ունեմ «հետո»-ի հետ, ես հիմա եմ ապրում: «Հիմա»-ն թողած՝ «հետո»-ի մասի՞ն մտածեմ: Հիմա նա ինձ վրա թողնում է ազնիվ, ազգը սիրող, կարգին մարդու տպավորություն: Եվ ես չեմ կարծում, որ սխալվելու եմ:

աղբյուրը`  maxinfo.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ