Երկու տարի առաջ այս օրերին բանտում մահացավ Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալ Էդիկ Գրիգորյանը: Վերջինս գիշերը բողոքել էր սրտի շրջանում սուր ցավերից, ինչից հետո ժամանել է շտապօգնությունը, որը Գրիգորյանին տեղափոխել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ և նա մահացել էր:
Սակայն այս մահվան տարելիցը չէ մեր հրապարակման առիթը, մանավանդ որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին տարբեր հանգամանքներում մահացել են այս գործով անցնող մեկ տասնյակից ավելի կարևոր ֆիգուրանտներ՝ մեղադրյալներ ու վկաներ: Ակնհայտորեն նախկին համակարգը մաքրում էր ոճրագործության հետքերը, ընդ սմին՝ «փայփայելով» ոճրագործ խմբի անդամներին՝ մինչև կգար նրանց ընդմիշտ լռեցնելու պահը:
Էդիկ Գրիգորյանի պատմությունը հենց դրա մասին է:
Ըստ պաշտոնական վարկածի՝ Էդիկ Գրիգորյանը մշտապես եղել է բժիշկների հսկողության ներքո, իսկ 2013 թվականին ենթարկվել է սրտի թանկարժեք (փականի տեղադրման ) վիրահատության: Ժամանակին լուրեր էին շրջանառվում, որ Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը անելու համար բարեխոսել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում հաստատել է լուրը. «Մեզ դիմել էր, մենք բարեխոսել ենք, որ այդ վիրահատությունն արվի: Կարևոր չէ անգամ իմ վերաբերմունքը բանտարկյալի նկատմամբ, բայց բնական է, որ այդ մարդը պետք է այդ բուժումը ստանար: Ես շատ ցավում եմ, որ մահացել է, որովհետև մարդ է, ընդ որում` մարդ է, որն ամենաքիչն էր խառնված այդ գործին»:
2013-ին Վազգեն Մանուկյանի ընտանիքին պատկանող «Անկախ» լրատվամիջոցում կարդում ենք. «Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանն «Անկախ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ 2013-ի հոկտեմբերի 24-ին Հանրային խորհուրդը դիմում է ստացել ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի հոր՝ Գարեգին Գրիգորյանի կողմից, որով վերջինս հայտնել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և պետք է շտապ վիրահատվի՝ խնդրելով Հանրային խորհրդին աջակցել խնդրի լուծմանը: Գրիգորյանը դիմումին կցել է նաև «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տեղեկանքը, ըստ որի՝ հիվանդն ունի անհապաղ վիրահատության կարիք: Վազգեն Մանուկյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին օրենքով սահմանված կարգով ապահովելու բուժօգնության տրամադրումը ցմահ դատապարտյալին»:
Լրատվական այս խճանկարը հարուցում է մի քանի հարցեր:
Ինչո՞վ է բացատրվում Մանուկյանի «մեծահոգությունը» Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի անդամների նկատմամբ, արդյոք ո՞չ այն հանգամանքով, որ Հանրային խորհրդի նախագահը նրանց համարում է «ռոմանտիկներ», որոնք շարքից հանել են նրա «թշնամի» Վազգեն Սարգսյանին: Ինչո՞ւ է Մանուկյանի աներձագը՝ լրագրող Վահան Իշխանյանը պարբերաբար այցելել Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներին, հատկապես Էդիկ Գրիգորյանին ու ԶԼՄ-ներում առասպելներ պատմել նրա «խիզախության» մասին:
Այնպիսի տպավորություն է, որ Վազգեն Մանուկյանը կանխավ տեղեկացված է եղել Նաիրի Հունանյանի հանցախմբի գործողություներից ու եղել է ահաբեկչական մտադրությունների ոռոգողներից մեկը: Հակառակ պարագայում անհասկանալի է, թե Մանուկյանը որտեղի՞ց գիտի, «որ Էդիկ Գրիգորյանն ամենաքիչն էր խառնված այդ գործին»:
Ակնհայտ է, որ Հանրային խորհրդի ու ԱԺՄ նախագահն իր գրպանից չի փակել ոճրագործի վիրահատության 4 միլիոնը: Արդարադատության այն ժամանակվա նախարար Հրայր Թովմասյա՞նն է նրան օգնել, թե՞ Վազգեն Մանուկյանը, մեծ իմաստով, եղել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի ու ոճրագործների միջնորդը, ու այդ մասին տեղեկացված է եղել նաև Հրայր Թովմասյանը: Գուցե դա՞ է պատճառը, որ այսօր Մանուկյանը դիրքավորվել է նախկինների ճամբարում՝ «ատամներով պահելով» ՍԴ ուզուրպատոր նախագահին:
Այս ամենի համատեքստում որքանո՞վ է բարոյական, որ Վազգեն Մանուկյանը կառչած է մնում ՀԽ նախագահի պաշտոնին, մանավանդ երբ ասոցացվում է ոչ թե հասարակության, այլ ահաբեկիչների հետ:
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական