«Երկու կարևոր ինստիտուտ՝ եկեղեցին և ընտանիքը ենթարկվում են հարձակման»․Հոգեշնորհ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

ԿԳՄՍ նախարարությունը մտադրություն ունի հանրակրթական դպրոցների պարտադիր ուսուցման ծրագրից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Մտադրությունը դեռևս պաշտոնական ձևակերպում չի ստացել, սակայն այդ մասին շրջանառվում է մամուլում, և նախարարության պաշտոնյաները այդ առարկան ուսումնական ծրագրից հանելու պատճառներ են ներկայացնում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշեց. «Կարծեք թե չգրված ավանդույթ է դարձել տարվա մեջ մի քանի անգամ այս հարցը օրակարգ բերելը, որպեսզի հասկանան եկեղեցու և ժողովրդի զգացողությունները: Բազմաթիվ հանդիպումներ են եղել ՀՀ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի ու նախարարության աշխատակիցների հետ, նրանք բազմիցս վստահեցրել են, որ նման խնդիր չկա: Մենք՝ ինքներս ենք խնդիր բարձրացրել՝ ասելով, որ 15 տարի այդ առարկան դպրոցներում դասավանդվում է, և կարծում ենք՝ որոշակի փոփոխությունների կարիք կա դասագրքերի առումով, որպեսզի առարկան ավելի գրավիչ լինի աշակերտների համար, և նախարարը համաձայնություն է տվել:

Ցավով պիտի նշեմ, որ իսկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգություն ունի այս առումով, որովհետև փոխնախարարի մակարդակով խոսվում է, որ այս հարցի հետ կապված քննարկումներ են լինում, ինչ-որ որոշումներ պետք է կայացվեն:  Առարկան ուսուցման ծրագրի մեջ մտել է օրենքի ուժով, և առանց մեզ չեն կարող այդ մասին որոշում կայացնել, բայց ասեկոսեների մակարդակով կա խոսակցություն, որ արդեն ինչ-որ որոշումներ կան, և ի զարմանս ինձ, այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Մեր մտահոգությունն ուժեղացավ, երբ նախարարը և փոխնախարարն իրենց խոսքում կրկին հստակություն չմտցրեցին: Նախարարության ոչ հստակ կեցվածքը աղմուկի և փոթորկի պատճառ է դառնում: Այս խնդիրը վերաբերում է նաև 1600 ուսուցիչների, որոնք դասավանդում են այս առարկան, և վերջին օրերին չեն դադարում իմ հեռախոսազանգերը, անգամ Արցախից, տարբեր տեղերից մարդիկ հարցնում են՝ ինչ անենք»:

«Իբրև այս առարկայի համար պատասխանատու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, որն ամենօրյա շփման մեջ է աշակերտների և ուսուցիչների հետ, կարծում եմ, որ սա կեղծ օրակարգ է: Մեր մտահոգությունն ու ցավն այն է, որ եթե եղել են ինչ-որ քննարկումներ և որոշումներ այս մասին, ապա անազնիվ է այդ ամենն առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  անելը»,- նշեց Տեր Զաքարիան՝ հավելելով, որ օրենքով նախատեսված է իրենց մասնակցությունը այս առարկայի չափորոշիչների վերաբերյալ որոշման գործընթացին:

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ