«Մարդու մահվանից հետո նրա օրգանները կարող են փրկել ևս 5-6 այլ մարդու կյանք»․ Արա Բաբլոյան

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանը,  անդրադառնալով դիակային օրգանների փոխպատվաստման հարցին նշեց, որ այս հարցում աշխարհը գնացել է շատ հեռու և ընդունել է մոտեցում, որ մարդու մահվանից հետո նրա օրգանները կարող են փրկել ևս 5-6 այլ մարդու կյանք։

Նշենք, որ այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվեց օրգանների փոխպատվաստման թեմայով իրազեկման ծրագիր։

Ըստ Արա Բաբլոյանի՝ այժմ առողջապահության նախարարությունը համապատասխան կանոնակարգեր է մշակում, որոնք թույլ կտան բացառել բոլոր տեսակի բացթողումները և սխալները այս ուղղությամբ։

«Նրանք, ովքեր պայքարել են դիակային օրգանների փոխպատվաստման դեմ, այժմ  ունեն բարեկամներ, որոնք պատվաստվել են, և հետո հասկացել են, որ իրենք սխալ էին։ Ուզում եմ՝ ամեն մարդ հասկանա, թե ինչու է կարծում, որ պետք է գնա այլ երկիր և ուրիշի օրգանը վերցնի։ Այդ երկրի քաղաքացին իրավունք ունի ասելու, որ՝ մեզ մոտ էլ սպասողներ կան։ Ամեն երկիր պետք է կարողանա իր քաղաքացիների հարցերը լուծել։ Թուրքիան, Իրանը առաջատար են այս հարցում, և հայերը, որ ունեն քաղաքակրթություն, համարում են, որ այս հարցում ազնիվ լինել չե՞ն կարող»,- ընդգծեց նա։

Արա Բաբլոյանի կարծիքով՝ խնդիրն ունի իր առողջապահական հատվածը և բարոյական ու հասարակության ընկալման հատվածը։Այս հարցում, ըստ նրա, բարոյական հատվածը և ոչ առևտրային մոտեցումը շատ կարևոր են, այդ իսկ պատճառով ընդունվում են օրենքներ և որոշակի աշխատակարգեր, որոնք հնարավորություն կտան շեղումները բացառելու։

«Մենք՝բժիշկներս, ուզում ենք փրկել բոլորին, բայց մեզ համար ցավալի է,որ կան մարդիկ, որոնք դեռ պատրաստ չեն այդ որոշմանը։ Այդ իսկ պատճառով մենք հրավիրում ենք տարբեր երկրներից մասնագետներ, որպեսզի գտնենք այն իրականացնելու լավագույն ուղիները»,- ավելացրեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ