Ռուբեն Գևորգյանը՝ «Ծաղիկ Ռուբոն», Դավթաշենում այգին հողին է հավասարեցրել

Հողատարածքի կադաստրային պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Արմենուհի Գևորգյանը 1997-ին, երբ իր հայրը հանդիսանում էր Դավթաշենի թաղապետը, այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող Դավթաշենի տոնավաճառի հարևանությամբ գտնվող այգում առանց թույլտվության 577.5 քմ ընդհանուր մակերեսով հանգստի համալիր է կառուցել։ Այդ համալիրի մեջ կային մանկական խաղասրահ (342 քմ), թռչունների ցուցասրահ (72 քմ), աշխատասենյակ (40.5 քմ) և պահեստ (123 քմ)։

Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի՝ 1998-ի հոկտեմբերին ընդունված որոշմամբ քաղաքապետարանը ճանաչել էր Գևորգյանի սեփականության իրավունքն ինքնակամ կառուցված շենքերի նկատմամբ և զբաղեցրած հողատարածքը նրան վարձակալության էր տվել։ Ինքնակամ շինությունների օրինականացման համար Գևորգյանը վճարել էր 577,770 դրամ։ 1999-ին Գևորգյանն արդեն վարձակալել է  ամբողջ այգին՝  6452.68 քմ՝ 15 տարի ժամկետով։

Կնքված պայմանագրի համաձայն՝ վարձակալին տրվել էր այգում կապիտալ շինարարություն անելու իրավունք, իսկ տարեկան վարձավճարը սահմանվել ընդամենը 262,194 դրամ (ամսական 21,850 դրամ)։

Վարձակալության պայմանագիրը կնքելուց մեկ շաբաթ անց Գևորգյանը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ այգին սեփականաշնորհելու համար։ Քաղաքապետարանը դիմումը բավարարել էր 2000-ին. 6452.68 քմ հողատարածքը և 499 քմ ընդհանուր մակերեսով շինությունները դարձել էին Գևորգյանի սեփականություն։

Հատկանշական է, որ 2000 թվականին չափագրումների փաստաթղթերում նշված է, որ տարածքը իրենից «հասարակական այգի» է ներկայացնում, սակայն 2002 թ. օգոստոսին Կադաստրի Դավթաշենի ստորաբաժանման ղեկավարին ուղղված նամակում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության տեղակալ Բորիս Քոչարյանը գրել է, որ հողամասը՝ «ըստ թաղամասի մանրամասն հատակագծային նախագծի, հանդիսանում է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում»։ 2001-ին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, այգիները և այլն։

Գևորգյանին պատկանող հողատարածքն ընդլայնվել է 2006-ին և 2014-ին, երբ քաղաքապետարանը նրան էր օտարել 850 և 535 քմ հողատարածքներ՝ համապատասխանաբար 3.845 և 2.4 մլն դրամով։  2017-ի նոյեմբերին 7,449.17 քմ զբաղեցնող հողատարածքն Արմենուհի Գևորգյանը փոխանցվել է «Ֆեմիդա գրուպ» ՍՊԸ-ին: Այս ընկերության բաժնետերերն են հենց ինքը՝  Արմենուհի Գևորգյանը, և նրա եղբայրը՝ Պետրոս Ռուբենի Գևորգյանը։ «Ֆեմիդա գրուպը» նախատեսում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել նախկին կանաչապատ տարածքի փոխարեն։

Լրատվականները գրել էին, որ 2013-ին տարածքում 100-ից ավել ծառ էր հատվել, իսկ մնացած ծառերը հատվել էին  2017-ի դեկտեմբերին։ Այդ ժամանակ Ռուբեն Գևորգյանը հայտարարել էր, որ դա իր սեփական տարածքն է: «Ծառերն էլ չորացած են եղել ու փտած: Եթե անգամ փտած ծառ էլ չլինեն, իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու էլ, պառկեցնելու: Իմ սեփական տարածքն ու այգին է»,- ասել էր Գևորգյանը։ Այդ ժամանակ նա նշել էր, որ ոստիկանությունը որևէ գործ չի հարուցել, քանի որ «եկան տեսան, որ դա 20 տարվա սեփական տարածք է, շինթույլտվություն էլ կա, հեռացան»։

Երևանի քաղաքային նոր իշխանությունները, սակայն, ընկերությանը շինարարության թույլտվություն չեն տվել։ Քաղաքապետարանից «Փաստերի ստուգման հարթակին» հայտնեցին, որ «աշխատանքային նախագծի փաստաթղթերի կազմը լիարժեք չի ներկայացվել: Զուգահեռ ուսումնասիրվում են նաև հողհատկացման հիմքերը»: Քաղաքապետարանը հողհատկացման հիմքերն ուսումնասիրելու նպատակով հողատարածքի վերաբերյալ նյութերն ուղարկել է իրավապահ մարմիններին։

Փաստացի, ներկայում Դավթաշենի ամենամեծ կանաչ տարածքներից մեկը փոսի է վերածվել։ Արդյո՞ք այստեղ կլինեն բազմաֆունկցիոնալ շենքեր, թե՞ այգին կվերականգնվի՝ պարզ կդառնա առաջիկայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ