Արայիկ Հարությունյանը Հայոց եկեղեցու պատմություն առարկայի մասին

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ երեկվանից շրջանառվող տեղեկությանը, թե Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանելու են դասացանկից, այն մատուցվելու է այլ առարկաների հետ ինտեգրված:

«Այս ինֆորմացիան, որը երեկ հայտնվել է մամուլում, եղել է իմ տեղակալ Արևիկ Անափիոսյանի հարցազրույցի արդյունքում, որտեղ ինքն ասել է, որ մշակվում են չափորոշիչներ, առարկաների ցանկեր և յուրաքնաչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունը, նպատակներն ենք քննարկում, և թե մենք ինչ ենք ուզում վերջնարդյունքում ստանալ: Չափորոշիչներն ու առարկացանկերը մշակող հանձնաժողովն աշխատում է, երբ աշխատանքն անեն, մենք կքննարկենք ու որոշում կկայցնենք… Այդ հանձնաժողովն ինձ հետ քննարկում չի արել»,- ասաց նախարարը:

Հարցին, թե հանդիպե՞լ է կաթողիկոսի հետ, քննարկե՞լ են այդ հարցը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ պարբերաբար հանդիպումներ ունենում են և կաթողիկոսի, և եկեղեցու ներկայացուցիչների հետ, առարկայի հարցը քննարկում են:

«Երբ որ առարկայացանկերի առաջարկներ կլինեն, մենք ևս մեկ անգամ նրանց հետ կքննարկենք: Եվ խնդրում եմ սրանից սենսացիաներ չանեք»,- հավելեց նա:

Ճշտող հարցին, թե առարկան այս ուստարում շարունակվելո՞ւ է դասավանդվել, նախարարը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ վերջնական ուսումնական պլանները փոխելու ենք և նոր դասագրքերը ներմուծվելու են, վերջնական առարկայացանկերը լինելու են 2023 թվականից: Որ առարկան երբ փոփոխության կենթարկվի, երբ որ առաջարկներ լինեն, կքննարկենք»,- ասաց Հարությունյանը:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ