ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է պատրաստում Թուրքիայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների մեծ մասը հոկտեմբերի 29-ին կողմ է քվեարկել Սիրիայում ագրեսիայի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթին: Վերջնական հաստատման դեպքում Թրամփը չի կարողանա չեղարկել դրանք, հայտնում է The Hill-ը:

«Երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատն առանց բարդությունների հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ կապված Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հարձակման հետ: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է 403 կողմ և 16 դեմ ձայների արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթին աջակցել է 176 հանրապետական, դեմ են արտահայտվել նույն կուսակցության միայն 15 անդամները:

Հրապարակման համաձայն՝ սա դարձել է «հազվագյուտ երկկուսակցական բողոք» ընդդեմ Թրամփի քաղաքականության, և միևնույն ժամանակ, խորը պառակտում Կոնգրեսի և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի դիրքորոշման միջև:

Պատժամիջոցների ընդունումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը նախ` սահմանափակումներ է կիրառել Անկարայի դեմ, իսկ հաջորդ շաբաթ դրանք վերացրել է:

Այժմ փաստաթուղթը պետք է անցնի Սենատում հաստատման գործընթաց: Հանրապետականները Կոնգրեսի վերին պալատում բազմիցս քննադատել են Թրամփին Սիրիայից զորքերը դուրս բերելու և քրդերին դավաճանելու համար: Այնուամենայնիվ, Սենատում հանրապետական ​​մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելլը հորդորել է չշտապել Թուրքիայի դեմ պատժամիջոցների օգտին քվեարկելիս:

Եթե ​​Սենատի կողմից օրենսդրական նախաձեռնության սատարումը գերազանցի ձայների երկու երրորդը, ինչպես դա տեղի ունեցավ Ներկայացուցիչների պալատում, ապա նախագահը չի կարողանա վետո դնել օրենքի նախագծի վրա:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ