«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով». մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին տեղյակ չէ, թե երբ կլինի վարչապետի արձագանքը:
Հիշեցնենք, որ Բաբաջանյանը երեկ հայտարարել էր, որ հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ եւ զարգացումներ եւ, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:
Ընդգծելով, որ Հանրային խորհուրդը Սահմանադրական մարմին է, Բաբաջանյանը միեւնույն ժամանակ գրում է, որ թեեւ հանրային խորհրդի առաքելությունը պետք է լիներ հանրությանը հուզող խնդիրների վերհանումը, սակայն հանրային խորհրդի կողմից նույնիսկ փորձեր չենք տեսնում այդ ուղղությամբ:
Նկատենք, որ բացի դիմումում նշված հիմանավորումներից՝ Բաբաջանյանն իր ֆեյսբուքի էջում որոշակի ակնարկներ է արել նաեւ Վազգեն Մանուկյանի ու Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կապի մասին:
«Վազգեն Մանուկյանը, ի շարս այլոց, ոռոգել է Նաիրի Հունանյանի ոճրագործ մտադրությունը:
Ենթադրում եմ, որ 96թ.-ից հետո Վազգեն Մանուկյանը քաղաքական վենդետա է պլանավորել:
Պատկերը ամբողջանում է, ՀԽ պաշտոնում նշանակվել է մի մարդ, որը ներդրում է ունեցել Նաիրի Հունանյանի գծագրերում:
Արծվիկ Մինասյանը թող մտաբերի՝ ինչով էր զբաղված ՀՅԴ-ն 90-ականներին»,- գրել է Բաբաջանյանը:
Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դատախազությանը՝ առաջարկելով պարզել, թե Բաբաջանյանի «ֆինասական աղբյուրները, շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն» որտեղից են: «Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։ Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ, որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում»,- գրել է Իշխանյանը:
Նյութի աղբյուր՝ armtimes.com