Հարուցվել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող նոր քրեական գործեր, որոնք անկասկած գտնվում են ՍԴ նախագահի հարցի շուրջ ստեղծված մեծ ներքաղաքական դիմակայության տրամաբանության մեջ:
Ի վերջո՝ ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ Թովմասյանն այլևս չի դիմադրի և կտա հրաժարական: Թե՞ իրավիճակը վաղուց հատել է, այսպես ասած, հետդարձի կետը: Դա նշանակում է, որ Թովմասյանին սպառնալու է ի վերջո ազատազրկո՞ւմ: Իսկ գուցե իրավիճակը բոլորովին այլ է, և առերևույթ, այսպես ասած, «դարի հարց» դարձած գործընթացը իրականում ծածկում է հանրային ուշադրությունը՝ ստեղծելով միջավայր կամ գործիքակազմ, որով լուծվում են այլ քաղաքական հարցեր այլ տիրույթում, ընդ որում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Այդ ամենի մասին հնարավոր է միայն անել ենթադրություններ, դիտարկել վարկածներ, որովհետև ընդհանուր իրավիճակն իսկապես լի է հակասականությամբ:
Այդ շարքում է և հարցը, թե ինչ է անելու Հրայր Թովմասյանը «հաղթանակի» կամ «պարտության» դեպքում: Սա կարծես թե իրավիճակի որոշակիորեն քիչ դիտարկվող կողմ է, բայց երևի թե բավական հետաքրքիր ու գուցե անարդարացիորեն ուշադրությունից դուրս մնացող: Եթե Հրայր Թովմասյանը դիմանում է սեղմվող օղակին, և ի վերջո՝ նահանջում է իշխանությունը, ապա իշխանության համար դա, իհարկե, խորքային առումով չի լինի պարտություն, որովհետև, այդուհանդերձ, իշխանության ուժն ու լեգիտիմությունը կառուցված են փոքր-ինչ այլ հանգամանքների վրա, իսկ Հրայր Թովմասյանի համար դա կլինի հաղթանակ:
Այստեղ հարց է առաջանում՝ ո՞վ է լինելու Թովմասյանի հաղթանակը կապիտալիզացնողը: Խոսքն իհարկե նախկին իշխող համակարգի մասին է, որովհետև նա բնականաբար խաղում է այդ դաշտում և հենվում այդ դաշտից եկող աջակցության վրա: Հրայր Թովմասյանն այս դեպքում զինվո՞ր է լինելու, թե՞ վերածվելու է ֆիգուրի: Որովհետև այդ պարագայում դա կփոխի ընդդիմության դիրքերում լայն պաշտպանություն կառուցել ձգտող նախկին իշխող համակարգի ներքին կոնֆիգուրացիան: Իսկ եթե Թովմասյանը զիջում է, ի վերջո՝ հեռանում, ընկնում, պարտվում, ի՞նչ է լինում նրա հետ այդ դեպքում՝ նա անցնում է իշխող համակարգի քաղաքական ծրագրերի տիրո՞ւյթ՝ իր դերակատարումով, թե՞ պարզապես ստանձնում քարոզչական ինչ-որ առաքելություն:
Այստեղ ինտրիգն այն է, որ Թովմասյանը փաստորեն այդ դեպքում ստացվում է այդ համակարգում ամենաշատ և ամենաերկար դիմադրողը, ըստ այդմ՝ ամենադիմադրողունակը: Հետևաբար առաջանում է հարց՝ նա այդ հանգամանքը կապիտալիզացնելո՞ւ է նախկին իշխող համակարգում՝ ստանալով արդեն քաղաքական բարձր դեր, թե՞ դարձյալ մնալու է զինվոր կամ արդեն վետերան՝ զուտ սիմվոլիկ նշանակությամբ:
նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական