Նիկոլ Փաշինյանը բացել է փակագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում խոսելով Սիրիայի հարցում Պուտինի հետ ունեցած զրույցի և նրան հայերի անվտանգության առումով դիմած լինելու մասին՝ բացել է փակագծերն ու ասել, որ խոսքը վերաբերել է Ղամիշլի քաղաքին, որտեղ ապրում է մի քանի հազար հայ: Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահին դիմել է Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսի հարցերը քննարկելու պայմաններում հաշվի առնել հայերի անվտանգության հարցը: Հայաստանի վարչապետը նշել է, որ ՌԴ նախագահը խոստացել է և պահել է խոստումը:

Այդ տեսանկյունից Փաշինյանը շոշափել է առանցքային մի հանգամանք՝ ասելով, որ ՌԴ-ն ունի Սիրիայում անվտանգության ապահովման էական լծակներ, իսկ Հայաստանը Սիրիայում ներկա է մարդասիրական առաքելության տեսքով, որը առնչություն չունի անվտանգության հետ: Նիկոլ Փաշինյանը ասել է, որ դա պատմական առաքելություն է: Այդ ասոցիացիայով վարչապետ Փաշինյանը ակնարկում է, որ Ռուսաստանի հետ գործակցված նախաձեռնությամբ իրականացվող հայկական մարդասիրական առաքելությունը Հայաստանին տալիս է հնարավորություն Սիրիայում հայկական անվտանգության հետ կապված հարցերում ունենալու ձայնի իր իրավունքը՝ անվտանգության ռուսական խողովակների միջոցով:

Հայաստանի վարչապետը գործնականում ներկայացրել է մեխանիզմը, որ լինելով միակ պետությունը, որը արձագանքել է Ռուսաստանի կոչին՝ մարդասիրական վերականգնման ներգրավվածության առումով, Հայաստանը փաստացի դրա դիմաց ձեռք է բերել անվտանգության հարցերում Սիրիայում իրեն հուզող խնդիրները ՌԴ առաջ բարձրացնելու հնարավորություն և ակնկալելու լուծումներ, ինչի օրինակն էլ թուրքական հարձակումից Ղամիշլիի հայերի պաշտպանության հանգամանքն է:

Այլ կերպ ասած՝ Հայաստանը Սիրիայում մարդասիրական առաքելությամբ գործնականում զերծ մնալով ներգրավվել անվտանգության, այսպես ասած, թեժ կաթսայի մեջ, գործնականում ստացել է մեզ համար այդքան կարևոր հայկական համայնքի անվտանգության տեսանկյունից էական խնդիրներ բարձրաձայնելու հնարավորություն: Հնարավորություն, որը գործնականում բարդ էր իրագործել այլ խողովակով՝ հաշվի առնելով այն, որ հայկական ներկայությունը անվտանգության այն տիրույթում է, որտեղ գերակշռում է ռուսական և թուրքական, այսպես ասած, ստատուս-քվոն, ըստ այդմ՝ աշխատել պետք է այդ ուղղությամբ:

Առկա օրինակը հատկանշական է Հայաստանում այն գնահատականների ֆոնին, որ առաջացնում էր մարդասիրական առաքելության վերաբերյալ որոշումը՝ այն դիտարկելով Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերության լարվածության հետ պարզունակ հարաբերակցության համատեքստում, երբ իրավիճակը Սիրիայում այդ առումով ամենևին էլ այդքան պարզունակ չէ, և կան բարդագույն շերտեր, ինչի վկայությունն էր Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմարշավն ու հետո դրա արդյունքում ակնառու ամերիկա-թուրքական և ռուս-թուրքական պայմանավորվածությունների կոմբինացիան, որում Հայաստանը փաստորեն կարողացավ խնդիր լուծել իր համար:

Մինչդեռ այստեղ էականը նաև այն է, որ Սիրիայում լուծվող խնդիրներում Հայաստանի շահառությունը չի սահմանափակվում լոկ հայկական համայնքի անվտանգության հարցով, քանի որ Սիրիայի խնդրում գործնականում թրծվում է համաշխարհային նոր աշխարհակարգը, թրծվում չափազանց թեժ վառարանում, և այդ իմաստով հատկանշական է, որ Հայաստանը ստանում է հարցեր լուծելու որոշակի նախադեպ:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ