Նիկոլ Փաշինյանի 2,5 միլիարդի բանաձեւ-առաջարկը նախկին իշխանությանը

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը կմեծացնենք եւ կուղղենք պաշտպանության համակարգի ամրացմանը, խորհրդարանում ներկայացնելով 2020 թվականի բյուջեի նախագիծը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա այդ կերպ արձագանքել է նաեւ որոշ շրջանակների գնահատականներին, թե պաշտպանությանն ուղղված ծախսը քիչ է ավելանում, այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը:

Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ Հայաստանը պաշտպանության ամրապնդմանը տրամադրում է ավելի շատ փող, քան զուտ բյուջեի նախատեսված ցուցանիշը, պարզապես այլ տարբերակով:

Այդ առումով որոշակի հետաքրքիր նմանություն կա 2005-06 թվականների հետ: Այդ ժամանակից սկսեց էապես դրսեւորվել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների շոշափելի տարբերությունը: Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն հավասարվում էր Հայաստանի գրեթե տարեկան բյուջեին: Այդ ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասում էր, թե Հայաստանը ոչ մի լումա պակաս չի ծախսի իր պաշտպանական կարիքների համար, քան Ադրբեջանը:

Իհարկե, հետագա տարիներին ակնառու դարձավ, որ իրականում տարբերությունը դարձել է ակնառու եւ հանգեցրել ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական բալանսի էական խախտման:

Ներկայումս, քաղաքական գործոնների առումով Հայաստանն անշուշտ գտնվում է շատ ավելի ամուր վիճակում, որի սկիզբը դրեց բանակը՝ 2016-ի ապրիլյան քառօրյայում Հայաստանի եւ Արցախի ոչնչացման օրակարգը պայթեցնելով, իսկ հետո քաղաքական գործոնները բազմապատկեց Հայաստանում թավշյա հեղափոխությունը:

Այդ գործոններն էլ իրենց հերթին միջոց են ռազմա-տեխնիկական առումով պաշտպանության մակարդակն էապես բարձրացնելու խնդիրը լուծելու համար, քանի որ քաղաքականն ու ռազմա-տեխնիկականը անկասկած պետք է գտնվեն համարժեք, փոխլրացնող մակարդակում: Եթե դրանք չլինեն հավասարակշռության մեջ, ապա Հայաստանին շատ բարդ կլինի երկարաժամկետ առումով ապահովել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը ռեգիոնում: Իսկ դա էլ հարվածի տակ կդնի Հայաստանի ինքնիշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը ազդարարում է, որ առաջիկայում պաշտպանունակության ամրացմանը կուղղվի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը, եւ կառավարությունը կավելացնի այն:

Խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի զինուժի համար նախատեսվում է ծախսել մոտ 2,5 միլիարդ դոլար: Պետք է ենթադրել, որ խոսքը բյուջետային հնարավորությունից դուրս, այսպես ասած հավելյալ փողի մասին է: Հետեւաբար, խոսքը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի որոշակի կողմնորոշիչ ցուցանիշի կամ, այլ կերպ ասած՝ նախկին իշխող համակարգից վերադարձվող փողի մասին:

Խոշոր հաշվով, վարչապետը նախկին իշխող համակարգին գործնականում առաջարկում է հանրային ներման բանաձեւը: Անկասկած է, որ այդ առաջարկն ընդունվում է ոչ միարժեք, նաեւ սուր դիմադրությամբ: Մյուս կողմից, կա մի հանգամանք էլ՝ նախկին համակարգն այդ տեսանկյունից չունի իր առաջարկը, կամ այն մեղմ ասած այդքան էլ հստակ ձեւակերպված չէ:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ