Տեղի է ունեցել ապրիլյան քառօրյայի մասնակից 22-ամյա հրշեջ-փրկարարի հոգեհանգստի արարողությունը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը, հայտնում է shamshyan.com-ը։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ ղեկավար կազմը։ Հոգեհանգստին մասնակցել են նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ս. Դեվելյանի գործընկերները, հարազատները, հանրապետության տարբեր մարզերից ժամանած նրա գործընկերները։

Հոգեհանգստյան արարողությանը ներկա մեծ թվով քաղաքացիներ ասել են.

«Ապրիլյան պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ պահեց սահմանը։ Ցավում ենք, որ նման ողբերգական դեպքի հետևանքով կորցրեցինք նրան։ Եթե ապրիլյանի ժամանակ սահմանն էր պահում, ապա, ընդունվելով Լոռու մարզի Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատ, իր գործընկերների հետ անտառը փրկում էր կրակի ճիրաններից։ Ցավոք, կրակն իր սև գործն արեց։ Ցավում ենք տեղի ունեցածի համար, ընտանիքի անդամներին էլ տոկունություն ու համբերություն ենք ցանկանում»։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ-փրկարար այրվածքներ էին ստացել, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, տեղափոխել էին Վանաձորի հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել անձամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ էր հաստատել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը թռել էր Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեին Երևան:

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Վիրավորին, ում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել էին Երևան: Վիրավորը հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ