Քոչարյանից ու Սարգսյանից հաստատ վտանգավոր չէ

Դավիթ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դուք շատ հեռու եք ժողովրդավարությունից, ու այդ տեսանկյունից շատ վտանգավոր է, եթե դուք ունենաք իշխանություն»:

«ՉԻ». Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանը համաշխարհային պատմության ժողովրդավարության հայրերից չէ: Բայց զավեշտալի է, որ նման խոսքեր իրեն թույլ է տալիս արտաբերել մեկը, ով հլու-հնազանդ աշխատել է Քոչարյանի և Սարգսյանի ենթակայության տակ: Մարդ, ով իր ամբողջ գործունեությունը ծառայեցրել էր և շարունակում է ծառայեցնել վերոհիշյալ երկուսի հանցավոր գործունեության իրավական հիմնավորումներին և իրավական անվտանգությանը:

Թերևս Դավիթ Հարությունյանն ամենից շատ լուման ունի Հայաստանում տարիներ շարունակ ձևավորված իրավական նիհիլիզմի համար: Նրա արդարադատության նախարար աշխատած տարիներին դատարանները վերածվեցին Քոչարյանի աշխատակազմին կից նոտարական գրասենյակների, որտեղ վավերացվում էին իշխանությունը բռնազավթածի ցանկացած կապրիզ:

Դավիթ Հարությունյանն ունի անուրանալի ներդրում ՄԻԵԴ-ի Հայաստանի վճիռների գործում: Եթե չսպասարկեր Քոչարյանի և Սարգսյանի բիզնես շահերը, ապա այսօր Հայաստանը ստիպված չէր լինի միլիոնավոր դոլարներ փոխհատուցել վերոհիշյալ վճիռներով: Խոսքը Հյուսիսային պողոտայի բնակիչների հայցերի մասին է, երբ նրանց իրավունքները համատարած ոտնահարվեցին ՀՀ դատարաններում:

Վունդերկինդը նաև ուրիշ վնասներ է հասցրել Հայաստանին: Նա է ճարտարապետը տասնյակ պայմանագրերի, որոնք էական վնաս են հասցրել մեր երկրին հօգուտ օտար ներդրողների: Եվ հիմա, ժամը 1500 դոլարով, իբրև փաստաբան պաշտպանում է նրանց շահերն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Այնպես որ Հարությունյանը կարող է հանգիստ լինել՝ հիմնական վտանգավոր շրջանն անցել ենք՝ նրա քաղաքական հայրերն իշխանությունից զրկված են:

«Չորրորդ իշխանություն», թիվ 6, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ