Երկար գործընթաց է ենթադրում․ ուսուցիչները պետք է ընտելանան նոր դասագրքերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և որոշել է, որ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։

Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը կտրականապես դեմ է այդ փոփոխություններին։

«Երբ ասում են, որ դպրոցներում կուժեղացնեն այդ առարկաների ուսուցումը, դա առնվազն 5-10 տարվա գործընթաց է ենթադրում։ Նախ պետք է բարեփոխվեն դասագրքերը։ Որքան գիտեմ՝ հայ գրականության և հայոց պատմության մեկական դասագիրք է բարեփոխվել։ Պետք է բարեփոխվեն բոլոր դասագրքերը, ուսուցիչներն ընտելանան դրանց, ծանոթանան, հասկանան, թե որքանով է այդ ամենը համապատասխանում իրենց պատկերացումներին։ Օրինակ՝ հասկանան, թե որքանով է գրականությունը գիտելիքներ տալիս, ոչ թե ճոռոմաբանությամբ բնութագրում են մեր դասական գրողներին։

Կամ՝ պատմությունը որքանով է սովորեցնում աղբյուրների հիման վրա ունենալ սեփական հայացք պատմական իրադարձությունների հանդեպ, որքանով են թվերը լցնում սովորողի գլուխը։ Եթե պատմության դասագրքերի հեղինակը դաշնակցական է, ապա որքանով է իր հայացքների տակ ճզմել մեր վերջին 100-150 տարվա պատմությունը։ Մինչև ես չտեսնեմ, որ այս փոփոխությունները կատարվել են դպրոցում, իմաստ չեմ տեսնում բուհերի ծրագրերում այդ առարկաների ուսուցումը ոչ պարտադիր դարձնելու մեջ։ Բայց նույնիսկ այս դեպքում աշակերտի համար նախատեսված ծրագիրն ու ուսանողի համար նախատեսված ծրագիրը տարբերվում են իրարից։

Բուհերում կարող են քննարկել ինքնության հարցը։ Եթե մարդը պետք է աշխատի որևէ ոլորտում, ապա շատ կարևոր է հասկանալը, թե իր ինքնությունն ինչից է բաղկացած։ Մյուս կարևոր հանգամանքը հայ ժամանակակից մշակույթին ծանոթ լինելն է․ կան տասնյակ մարդիկ, որոնք ստեղծագործում են, այդ ստեղծագործությունը լինի կերպարվեստում, գրականության մեջ, թե երաժշտության, և այդ ստեղծագործությունները պետք է շրջանառվեն ժամանակակից հասարակության մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց Վահրամ Մարտիրոսյանը։

Արձակագիր Լևոն Ջավախյանն էլ նշեց, որ ինքն այդ մասին իր տեսակետն արտահայտել է օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ գրառում անելով․

«Միքայել Նալբանդյանը տալիս է երեք այն հիմնական հենասյուները, որոնց վրա բարձրանում է հայ ազգը.

Առաջին, դա մայրենի լեզուն է։

Երկրորդ, դա հայրենյաց հավատքն է։

Երրորդ, դա Հայ ժողովրդի պատմությունն է։

Կա՞ն երեք այդ բաղադրիչները՝ կա հայ ազգը… Չկա՞, ուրեմն չկա և հայ ազգը…

Հանրապետության գիտության, կրթության նախարարությունը, տուրք տալով եվրոպական կեղծ արժեքներին, պարտադիր չհամարելով բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայոց լեզվի և Հայ ժողովրդի պատմության դասավանդումը, փաստորեն ձեռնամուխ է լինում Հայ ազգը պահող հենասյուների կործանմանը…»։

Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ