Հարցեր չկան Մոսկվային, Բաքվին, բայց հարցեր կան հայ սպաների՞ն

Հրապարակ թերթը հայտնում է, որ իշխող Իմ քայլը խմբակցության խորհրդակցությանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փորձել է պարզել, թե անցած 4 ամիսներին ինչ է պարզել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը: Հանձնաժողովն ստեղծվել է 6 ամիս ժամկետով, եւ ինչպես նշվում է, հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտադիր է խնդրել եւս կես տարով երկարացնել աշխատանքները:

Ի՞նչ է պարզում հանձնաժողովը: Ամենասկզբից էլ կային ենթադրություններ, որ հանձնաժողովը կփորձի քաղաքական հարցերի պատասխաններ ստանալ, օրինակ, պատերազմի սանձազերծման գործում Ռուսաստանի դերի մասին, այն մասին, թե արդյոք կարող էր պայմանավորվածություն լինել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջեւ:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը խորհրդատվություն է տալիս հանձնաժողովին, ասում է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե հայկական կողմն ինչ հանգամանքներում է մարդկային կորուստներ կրել, ճիշտ որոշումներ են կայացվել, թե ոչ:

«Ամեն մի զոհ պետք է ուսումնասիրվի, պատերազմ է եղել, և զոհերը, բնական է, պետք է լինեն, պատերազմն առանց զոհերի չի լինում, ստեղ խնդիրը՝ էդ զոհերը համապատասխանո՞ւմ են այդ բարդության, լրջության իրավիճակին, դա՝ մեկ, երկրորդը՝ իսկ այն որոշումները, որ ընդունել են, ճի՞շտ են եղել, և եթե ճիշտ որոշումներ ընդունվեին, ապա կորուստները ի՞նչ կլիներ, և կուսումնասիրվի՝ ամեն մի զոհը ինչից է զոհվել, որտեղ», – ասել է նա:

Վաղարշակ Հարությունյանը նշում է, որ բանակը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ընդհանուր առմամբ իր հիմնական խնդիրը լուծել է և թույլ չի տվել, որ Ադրբեջանը այդ պատերազմում հասնի իր գլխավոր նպատակին, տվյալ դեպքում շփման գծի փոփոխություն իրականացնել: Նա նաեւ ասում է, որ դժվար թե քաղաքական գործարք լիներ:

Այդ դեպքում ի՞նչ է ուսումնասիրում հանձնաժողովը եւ ինչու՞ է անհանգստացնում տասնյակ սպաների:

«Հիմա արդեն սաղիս հետ կապի են դուրս գալիս, փորձում են հասնել նրան, որ մեզնից մեկն ասի` հա, Խաչատուրովը հրամանն ուշ ա տվել, Սեյրան Օհանյանն էս ա ասել, էն ա արել։ Ուզում են մի բան պոկեն, մի բան ընենց չասես, որ «փաստ» ունենան։ Դա ի՞նչ վերաբերմունք է սահմանի վրա կանգնած սպայի նկատմամբ»,- Հրապարակին ասել է սահմանին կանգնած բարձրաստիճան զինվորականը։

Սպաների դժգոհությունը հասե՞լ է Իմ քայլը խմբակցությանը, եւ դրանո՞վ է պայմանավորված, որ Անդրանիկ Քոչարյանին խնդրել են պատմել 4 ամսվա աշխատանքի արդյունքների մասին:

Ապրիլյան պատերազմի հանգամանքների պարզումը չի կարող սահմանափակվել նրանով, թե որքանով էին Խաչատուրովն ու մյուսները պատրաստ ռազմական գործողություններին: Փաստն այն է, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, տեղի են ունեցել բարբարոսական դեպքեր, մարդկանց գլուխներ են կտրել, հերոսացրել մարդասպանների: Ընդ որում, պատերազմից հետո Մոսկվան չի հրաժարվել Ադրբեջանին սպառազինություն մատակարարելուց եւ չի հերքել, որ ձգձգել է սպառազինության մատակարարումը Հայաստանին: Դրանով հանդերձ, հայկական բանակը կարողացել է պահել դիրքերն ու ստատուս-քվոն:

Այսքանից հետո, ստացվում է, մենք հարցեր չունենք Ադրբեջանին, Ռուսաստանին, հարցեր չկան այն ժամանակվա քաղաքական ղեկավարությանը: Բայց հարցեր կան սպաներին, որոնք պաշտպանել են երկրի ամբողջականությունը:

Միգուցե հերի՞ք է նեկրոֆիլիայով զբաղվել: Մի՞թե խորհրդարանն այլ անելիքներ չունի, բացի արդեն հայտնի բաները պարզելուց: Արդեն վաղուց պարզ է, թե որ հատվածում ինչ էր պակասել, իսկ պատասխանատուները վաղուց արդեն իշխանության չեն: Հանգիստ թողեք սպաներին, գործով զբաղվեք: Մի ստիպեք մտածել, որ այս ամենն արվում է բանակի հրամանատարությունում «յուրայինների» համար տեղեր ազատելու համար:

Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ