«Չտեսա՞ք, որ ներկայիս իշխանությունների հետ աշխատում ենք, նախագծեր էլ ենք անում»․ Սամվել Կարապետյան

Տաշիր գրուպի սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը Երեւանում էլցանցերի Հաղթանակ ենթակայանի բացման առիթով լրագրողների հետ զրույցում «նորմալ, աշխատանքային» է գնահատել Հայաստանի իշխանության հետ գործակցությունը, ասելով, որ ունեն ներդրումային ծրագրեր եւ այդ մասին «հերթով կտեղեկանանք»:

Սամվել Կարապետյանը Հայաստանի էլցանցերի սեփականատերն է: Էլցանցերի Հաղթանակ ենթակայանի բացմանը մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սամվել Կարապետյանը տնտեսական հեղափոխության մասին հարցին պատասխանել է, որ այն «սկզբնական փուլում» է: Միլիարդատեր Կարապետյանի քաղաքականապես հանդարտ պատասխանն ու մեկնաբանությունը բավական հատկանշական է մեկ այլ մեծահարուստ, հայաստանցի Գագիկ Ծառուկյանի բավական վրդովված եւ խիստ գնահատականների ֆոնին:

Նախօրեին ԲՀԿ նախագահ Ծառուկյանը խորհրդարանում աննախադեպ խիստ եւ զգայական քննադատության էր ենթարկում կառավարության քաղաքականությունը: Այդ խստության պատճառը թերեւս ուրվագծվում է Հաղթանակ ենթակայանի բացմանը Փաշինյանի մասնակցության ու Կարապետյանի հետ աշխատանքային հարաբերության տողատակում:

Մի քանի ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե քաղաքական հեղափոխության համար պետք էին որոշակի հատկանիշներ, ապա տնտեսական հեղափոխության համար պետք է փող: Վարչապետ Փաշինյանին ակնարկը թերեւս պարզ էր, որ հնարավոր չէ հետագա քաղաքական իրավիճակում անտեսել Ծառուկյանին, քանի որ նա ունի այն, ինչ պետք է տնտեսական հեղափոխության համար, իսկ առանց տնտեսական հեղափոխության էլ կփոշիանա քաղաքական հեղափոխության էֆեկտը:

Նիկոլ Փաշինյանի արձագանքը թերեւս այն հանդիպումն էր, որ նա ունեցավ Սամվել Կարապետյանի հետ ամռանը, Երեւանի սրճարաններից մեկում: Դա գործնականում դիտարկվեց նոր իշխանության ու Կարապետյանի հարաբերությունում դեռեւս հեղափոխության շրջանից առաջացած սառույցի հալման մեկնարկ: Այժմ աշխատանքային հարաբերությունը թերեւս վկայում է, որ փողի խնդիրը գոնե նվազագույն առումով կարող է լուծվել Կարապետյանի միջոցով, ըստ այդմ դրանով կարող է չեզոքանալ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գլխավոր կրեդոյի նշանակությունը:

Սամվել Կարապետյանն ըստ ամենայնի հրաժարվել է այն ներքաղաքական հավակնություններից, որ ուներ մասնավորապես 2016-18 փուլում: Դա պայմանավորվում է հայ-ռուսական հարաբերությունում հետհեղափոխական շրջանում մեկնարկած տրանսֆորացիոն գործընթացով, որի տրամաբանությամբ Կարապետյանը գործնականում այլեւս չունի Հայաստանի իշխանության համար պայքարի անհրաժեշտություն, քանի որ էապես փոխվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերության տրամաբանությունը, այդ թվում նաեւ աշխարհքաղաքական համատեքստում, որում Սամվել Կարապետյանը 2018 թվականի հունվարին հայտնվել էր ԱՄՆ իշխանության ու ՌԴ հատուկ ծառայությունների համատեղ պատրաստած ՝ պատժամիջոցների ենթակա անձանց հայտնի «Կրեմլի ցուցակում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ