Քոչարյանի լավագույն գնահատականը տվել է Բազեյանը՝ կարծում էինք մեր հարսը կույս էր, պարզվեց կույս չէր

Հոկտեմբերի 27-ից անցել է 20 տարի, և մենք դեռ չունենք կարևոր հարցերի պատասխանները՝ ովքեր էին կանգնած այդ ոճիրի հետևում, ում լուռ թողտվությամբ դա իրականացվեց, և ամենակարևորը՝ ովքեր էին դրա շահառուները: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ազատամարտիկ, Ռազմական ոստիկանության առաջին պետ Հովհաննես Հարությունյանին:

Հոկտեմբերի 27-ից հետո մեր տնտեսությունը, քաղաքականությունը, ամեն ինչ կարծես փլուզվեց՝ նշեց մեր զրուցակիցը և շեշտեց՝ ավելի քան պարզ է, թե ում էր դա ձեռնտու. «97 թվականին երբ Ռոբերտ Քոչարյանին բերեցին և նշանակեցին վարչապետ, շատ-շատերն էին դեմ, մանավանդ ազատամարտիկները, բայց դա հիմնավորվեց Վազգեն Սարգսյանի կողմից. Արմեն Սարգսյանը հայտնի պատճառներով գնացել էր, և եղավ այն, ինչ եղավ: Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, և Ղարաբաղը կամաց-կամաց տեղափոխվեց Հայաստան. նրանք հավաքագրեցին իշխանությունից նեղացած բոլոր մարդկանց: Արդեն 97 թվականին հերոսի անունը սպանելու աշխատանք էր տարվում»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարվեց և գնաց երկիրը կառուցելու. «Նա լինելու էր շատ անխնա. այդ մասին պարզորոշ ասվել էր: Եվ շատերն ընդդիմացան Վազգեն Սարգսյանին, անձամբ ինձ ևս ցանկանում էին Վազգեն Սարգսյանի դեմ հանել, բայց իհարկե նրանց դա չստացվեց: Վազգեն Սարգսյանը կարող էր նրանց ասել՝ էս ի՞նչ մեքենա է, էս ո՞ւմն է, երկիրն այս վիճակում, դուք էս ի՞նչ գերեզմաններ եք շինում, այսինքն՝ նրանց առջև պատնեշ էր դրվում, և հակառակ կողմը, բնականաբար, պիտի հավաքագրեր այն մարդկանց, ովքեր նրան դեմ էին»:

Հովհաննես Հարությունյանն ընդգծեց՝ Հոկտեմբերի 27-ից հետո Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը անմիջապես իրենց գլխարկները փոխեցին. «Իսկ Ռոբերտ Քոչարյանը չուներ հենարան (ի դեպ, Ղարաբաղում էլ նա չի ունեցել հենարան), և նա սկսեց օգտագործել նրանց, ովքեր պատրաստ էին օգտագործվել: Եվ այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը չէր կարողացել իրականացնել (իր կենցաղը բարելավել) Ղարաբաղում, իրականացրեց Հայաստանում. նա սկսեց իր թալանը՝ ստեղծելով «համախոհների» մի բանակ»:

Խոսելով Վազգեն Սարգսյանի անձնական որակների մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Նա ազնվագույն, հավատով մարդ էր: Նա զգում էր, գիտեր՝ ինչ է կատարվում, հիշենք նրա վերջին խոսքերը՝ մեռոնին թույն խառնողները, բայց չկարողացավ խուսափել»:

Իսկ թե ում էր ձեռնտու այդ ոճրագործությունը՝ մեր զրուցակիցն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը չէր կարողանում գործողություններ ծավալել, որովհետև կար խանգարող հանգամանք՝ մանավանդ կար Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի դաշինքը: Եվ ինչ էր մնում նրան անել՝ ազատվել Վազգեն Սարգսյանից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ