«Տարեցների խնամքի նոր ստանդարտներ պիտի կիրառվեն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարեցների խնամքի նոր ստանդարտներ պիտի կիրառվեն Հայաստանում:

Նոր քաղաքականություն պետք է որդեգրվի նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների նկատմամբ»:

Հիշեցնենք, որ այդ մասին կառավարության նիստում  այսօր նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  կառավարության որոշումներից մեկին, որով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով է իրականացվելու:

«Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոցի հետ կապված աղմուկ կա: Մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ ենք անում: Մենք այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների: Այսինքն՝ կառավարությունը նույն ֆինանսավորումը, որ տալիս է, հայտարարում է մրցույթ, ընտրում է կազմակերպություն, որը տարեցներին կմատուցի ծառայություններ:

Այս որոշմամբ հնարավորություն ենք տալիս, որ շահառուն հնարավորություն ունենա ընտրել՝ այս կազմակերպության ծառայությունից է ուզում օգտվե՞լ, թե մեկ այլ կազմակերպության ծառայությունից: Շահառուի հետևից իր համար նախատեսված ֆինանսավորումը կգնա այդ մյուս կազմակերպությանը:

Արդյունքում շահառու տարեցները ոչ թե կհայտնվեն «կալանավորի» կարգավիճակում այս կամ այն կազմակերպությանը, այլ նաև հնարավորություն կունենան վերաբերմունք արտահայտելով արտահայտել նաև պետության վերաբերմունքը այս կամ այն կազմակերպության նկատմամբ: Սա արվում է հենց շահառուների համար, նրանց մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Գյումրիում հանդիպել է տուն-ինտերնատի աշխատանքային կոլեկտիվին: Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ նույնիսկ վիզուալ կարելի էր տեսնել, որ պատշաճ ծառայություն չի մատուցվում, որովհետև այդ համակարգը հնացած է: «Պետք է շահառուն լինի սուբյեկտը, որը հնարավորություն ունենա գնահատել իրենց մատուցվող ծառայությունների որակը, ասել՝ գոհ է, թե դժգոհ: Հիմա էլ կարող են ասել՝ գոհ են կամ դժգոհ, բայց վախը սրտներում է»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Գյումրիում գիշերօթիկ դպրոց փակելու խնդրին, վարչապետն ասաց. «Մենք պարզեցինք, որ այնտեղ ավելի շատ աշխատող կա, քան երեխա: Ասում են՝ աշխատատեղ է, բայց այդտեղ երեխան է մեր շահառուն: Մեր խնդիրը չէ աշխատատեղ ստեղծելը, մեր խնդիրն է, որ երեխայի շահերը պաշտպանենք: Այս փոփոխությունները նրա համար են, որ միջոցները գնան երեխայի հետևից, մտնեն նրա ընտանիք, փորձեն այնտեղ որոշակի ներդրում անել, որ այդ ընտանիքն ավելի բարենպաստ միջավայր դառնա երեխայի համար: Մեր այս համակարգերը որոշակի շերտավորման ֆոն են ստեղծել, մենք առանց սենտիմենտների դրա դեմ պետք է պայքարենք:

Պետք է խիստ վերահսկողություն սահմանել, որ այդ կոպեկ փախցնողների հնարավոր վտանգները կառավարենք: Կարեւոր է, որ այդ գումարները հասնեն հասցեատերերին»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 2020 թվականից 3300 երեխայի համար ՀՀ 10 մարզերում կտրամադրվեն ցերեկային ծառայություններ: «Սա կտա հնարավորություն, որ երեխան ոչ թե քնի գիշերօթիկում, այլ ապրի իր ընտանիքում, հաճախի իր համայնքի դպրոց: Մենք ապահովում ենք աջակցություն ընտանիքին՝ կենցաղային պայմանների բարելավում, աշխատանքային հնարավորությունների ստեղծում, եւ միայն դրա արդյունքում կարող են ապահովել երեխայի վերադարձն ընտանիք»,- ասաց նախարարը:

Տարեցների խնամքի նոր ստանդարտներ պիտի կիրառվեն Հայաստանում: Նոր քաղաքականություն պետք է որդեգրվի նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների նկատմամբ:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, October 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ