Հաց բերողի մահվան հարցը լուրջ հետևանքներ է ունենալու

Երեկ մենք անդրադարձել էինք Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պարզաբանումներին:

Վերջինս հայտարարել է, որ Արթուր Սարգսյանն ուներ անբուժելի հիվանդություն, և իր համար անակնկալ է եղել, որ Արթուր Սարգսյանը նորից ձերբակալվեց և կրկին կալանավորվեց: Արդեն կալանավայրում Արթուր Սարգսյանի վիճակն էլ ավելի ծանրացավ, և շուտով նա մահացավ:

Նշել էինք նաև, որ Գևորգ Կոստանյանի այս՝ մեծ հաշվով, խոստովանությունից հետո նոր հարցեր են առաջանում, որոնք պետք է ուղղել այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Վերջինս առ այսօր էլ համարվում է Արթուր Սարգսյանի մահվան պատասխանատուներից մեկը:

Եվ ահա այսօր Արփինե Հովհաննիսյանը որոշել է բացել փակագծերը և «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին ներկայացնել մանրամասներ, որոնք պակաս ուշագրավ չեն: Թեպետ Արփինե Հովհաննիսյանի պատմածը ծավալուն է, բայց այն արժե գրեթե ամբողջությամբ ներկայացնել. «Երեկ մամուլի հրապարակման առիթով Գևորգ Կոստանյանը բացել է որոշ փակագծեր, բայց ժամանակն է ասելու այն` ինչ շատերդ չգիտեք: Երեք տարի շարունակ ինձ` որպես գործող, իսկ հետագայում արդեն` որպես նախկին արդարադատության նախարար պատեհ-անպատեհ մեղադրել են Ա. Սարգսյանի մահվան մեջ, չնայած որոշ առիթներ ունեցել եմ բացատրելու, որ ես զրո առնչություն եմ ունեցել նրա ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ բնականաբար նաև ՄԱՀՎԱՆԸ:

Դե ինչ, Արփինե Հովհաննիսյանի այս ծավալուն հրապարակման վերաբերյալ առաջին եզրահանգումը, որ պետք է անել, այն է, որ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ նոր հետաքննություն պետք է անցկացվի: Երեկ էինք դա նշել, հիմա դրանում ավելի ենք համոզված: Որքան հասկացանք, թե՛ Գևորգ Կոստանյանը, թե՛ Արփինե Հովհաննիսյանը ոչ միայն դեմ չեն լինի, այլ նույնիսկ պատրաստ են մանրամասներ հաղորդել այս դեպքի վերաբերյալ։

Այսինքն՝ պատրաստ կլինեն օգնել նոր նախաքննությանը: Իսկ այն անհրաժեշտ է, որովհետև, եթե Արփինե Հովհաննիսյանը և Գևորգ Կոստանյանը ճիշտ են ասում, ապա սա իրավական շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ. ստացվում է, որ Հաց Բերողի դեպքը սպանություն է: Այո, եթե հայտնի էր, որ Արթուր Սարգսյանը ծանր հիվանդ է, ու դրանից հետո նրան նորից կալանավորել են ու նա զրկված լինելով անհրաժեշտ բուժօգնություն ստանալու պայմաններից՝ մահացել է, ապա նպատակաուղղված մարդուն մահվան են հասցրել:

Եթե Արփինե Հովհանիսյանն ու Գևորգ Կոստանյանը ճիշտ չեն ասում, փորձում են պատասխանատվությունն իրենց վրայից գցել ուրիշների վրա, միևնույն է, այս դեպքը սպանություն է, որովհետև կա մի փաստ, որը ոչ ոք չի ժխտում. դա կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու և դրա հիման վրա Արթուր Սարգսյանին նորից կալանավորելու փաստն է: Շան գլուխն այստեղ է թաղված:

Եթե այս ամենի համար պատասխանատուները այն անձինք են, ում անունները տվել է Արփինե Հովհաննիսյանը՝ Արթուր Դավթյանը, Արթուր Մկրտչյանը, Արգամ Հովհաննիսյանը, քննիչներ, ԱԱԾ-ականներ… մեզ համար կապ չունի, թե՝ ովքեր, ուրեմն, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Այս ամենը, իհարկե, տեսական բնույթ է կրում. բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ է նոր քննություն սկսել, թեկուզ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել, բայց Արթուր Սարգսյանի մահվան իրական պատասխանատուները պետք է պատժվեն: Ուզում է՝ հազար անգամ հեղափոխական լինեն, գործող պաշտոնյա լինեն, մեզ համար դա կարևոր չէ:

Գործին առնչվող բոլոր անձինք այստեղ են, իրենց տեղերում են, անհրաժեշտ բոլոր փաստերը կան, վկաները կան, բոլոր նախադրյալները կան՝ ճշմարտությունը վեր հանելու համար: Սպասում ենք իշխանությունների արձագանքին:

Չորրորդ Իշխանություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ