Ոսկին մանր է, գինը ծանր է․ՀՀԿ-ական ու ռոբական միջավայրից ու՛մ էլ, ե՛րբ էլ, ո՛նց էլ ձերբակալեն, սրանք առնվազն երկու-երեք հանցանք գործած կլինեն

Ի՞նչ է մտածում Հայաստանի հասարակության ճնշող, շա՛տ ճնշող մեծամասնությունը հեղափոխությունից հետո ընթացող ձերբակալությունների մասին։ Ի դեպ՝ հատուկե՛նտ ձերբակալությունների։

Հենց այդպես էլ մտածում է՝ քի՛չ են ձերբակալում։ Մտածում է՝ քսան տարի մեկը մյուսից սահմռկեցնող բազմահատոր ու բազմաժանր հանցագործություններ են կատարվել, իսկ հիմա հանցագործների 99 տոկոսը ոչ միայն ազատ ու հանգիստ ապրում է, շրջագայում է արտերկրներում, դեռ մի բան էլ՝ լույսը չբացված սկսում է արդարադատության ինքնասպանության ու ժողովրդավարության սպանության մասին ճամարտակել մինչեւ ուշ գիշեր, բանտախցում իր արժանի պատժին սպասելու փոխարեն։

Մտածում է՝ ՀՀԿ-ական ու ռոբական միջավայրից ու՛մ էլ, ե՛րբ էլ, ո՛նց էլ ձերբակալեն, սրանք առնվազն երկու-երեք հանցանք գործած կլինեն։

Եվ որքան էլ նախկինները ֆեյսբուքյան ֆեյքերով փորձեն պատրանք ստեղծել, որ հանրությունն էլ է իրենց նման ցնորվել ներկա «ստալինյան ռեպրեսիաների» պատճառով, հանրային գերակշռող կարծիքը սրանց ցնորամիտ լեզվավարժանքներից յոթ սարուձոր հեռու է։

Պատճառն էլ պարզից պարզ է. ռոբասերժականների վերնախավից ում էլ ձերբակալեն, հանրության խորին համոզմամբ՝ ձերբակալվողն անկասկած հանցագործ է լինելու, եւ քսան տարի նախկինների լծի տակ կքած մարդկանց համար միեւնույնն է՝ հանցանք գործողին ձերբակալել են վրեժխնդրությամբ «տոգորված», թե նժդեհական վեհ ասույթների նժույգը հեծնած։

Ավելի պարզ, զորօրինակ՝ Արսեն Բաբայանին, ինչպես Աշոտյանը կասեր՝ Հրայր Թովմասյանին «խրամատից» հանելու համար են ձերբակալել, թե ՀՀԿ-ական արդարության առաջամարտիկ Արման Սաղաթելյանի՝ շակալների մասին (երեւի իր հարազատ միջավայրն է կարոտել) «հոգու ճիչը» լսելու համար, Հայաստանի շարքային քաղաքացուն՝ ի՞նչ. Հայաստանի քաղաքացին վստահ է, որ այս նույն Արսեն Բաբայանը հաստա՛տ հանցանք է գործել։ Համոզված է, որ ներկայացված մեղադրանքը նրա կատարած հանցանքների չնչին մասն է արտացոլում։

Կարո՞ղ են այս նույն Աշոտյանն ու Սաղաթելյանը եւ մնացած «շոկային» վիճակում հայտնվածները պնդել, որ սույն անձը կամ ՀՀԿ-ական վերին օղակներում գտնվող ցանկացած «անմեղ հրեշտակ» անձ, որ լիուլի օգտվել է հանցագործ իշխանությունների նվիրած արտոնյալ կարգավիճակից, առնվազն տեղյակ չի եղել, թե տարիներ շարունակ ինչ հանցագործություններ են կատարել իրենց տերերն ու կուսակիցները եւ չի մասնակցել այդ հանցանքների պարտակմանը՝ հանուն իր արտոնյալ կարգավիճակի։ Թող փորձեն։

Եվ եթե նույնիսկ հրաշք պատահի, ու գտնվի մեկն այս ավազակախմբի մեջ, որ պարզվի՝ իրո՛ք տեղյակ չի եղել, իրո՛ք վստահ է եղել, որ ինքն ազնիվ, անկաշառ, արդարամիտ, օրենքով առաջնորդվող իշխանության մաս է կազմել, սա արդեն առողջապահական ոլորտի համապատասխան մասնագետների ուսումնասիրելիք սուբյեկտ է։

Եվ հիստերիայի պահերին այս նույն հանրությանը «զոմբի», «ոչխար», «բառան» բնորոշումները տվող ոչնչությունները գուցե նման բարբաջանքներով ժամանակավոր կանխում են իրենց գլխին գալիք ընկնավորության հերթական նոպան, բայց իզուր են հույս փայփայում, որ հասարակությունը փրփրակալման այդ հակահիգիենիկ տեսարաններից հուզվելու է եւ աղի-աղի արցունք է թափելու։

Չէ, պարոնայք ու տիկնայք նախկիններ, ձեր հոխորտանքները բազմապատկում են Հայաստանի քաղաքացիների ատելությունը ձե՛ր իսկ նկատմամբ, եւ եթե դժգոհություն կա ներկա իշխանության հանդեպ, ապա դրա գլխավոր պատճառն այն է, որ հոխորտացողներդ մինչեւ հիմա ճաղերի հետեւում չեք։

Լա՞վ է, թե՞ վատ է, որ այսպիսի տրամադրություն է իշխում հայաստանյան մթնոլորտում։

Լավն ու վատը չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ ձեր քսանամյա համառ եւ հետեւողական ջանքերով եք վաստակել Հայաստանի քաղաքացիների այս «ջերմ» վերաբերմունքը։

Լիզա Ճաղարյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ