«Ինձ կարող են միայն մեղադրել, որ նպաստել եմ՝ Փաշինյանը եկել է իշխանության…». Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է՝ ամեն ինչ արել է օրենքի ու Սահմանադրությանը համաձայն։

«Մի բան կարող եմ ասել, որ ես ամեն ինչ արել եմ օրենքին ու Սահմանադրությանը համաձայն», — լրագրողների խնդրանքով ասաց Բաբլոյանն՝ անդրադառնալով իրեն որպես կասկածյալ ներգրավելուն։

ԱԺ նախկին նախագահն ասաց, թե մի քիչ նեղված է ՀՀ իրավապահներից։

«Մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, բազմիցս բացատրեցի, որ 20 տարի է ՝ պատրաստվել եմ վիրահատությանը, նրանք ասին՝ դուք պետք է անհապաղ գաք, ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, թե ես խուսափում եմ ու անձամբ այցելեցի», — ասաց Բաբլոյանը։

Նա նշեց, թե մի բանում է վստահ. «Ինձ կարող են մի բանում մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, այդ հարցում հստակ կա մեղադրանք: Դա առանձին, արդեն, քննություն կլինի, եթե որոշեն դա քննել, կհաստատեն», — ասաց Արա Բաբլոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ