«Եթե Սերժ Սարգսյանը չգա հարցաքննության, ինքն իր վրա կվերցնի կասկածների մի հսկա բեռ». Անդրանիկ Քոչարյան

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ծրագրում է իր աշխատանքների ավարտին հանձնաժողով հրավիրվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և որպես նախկին գերագույն գլխավոր հրամանատարի հարցեր ուղղել:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը իրենց նիստերին մասնակցելու հրավերը մերժել չի կարող, այլապես կասկածի տեղիք կտա։

«Ազատության» հարցին՝ ստացվում է, որ երբ վերջնակետին հասնի քննիչ հանձնաժողովը իր աշխատանքներում այդ ժամանակ կհրավիրե՞ն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, Քոչարյանը պատասխանեց. «Վերջին հարց պետք է տրվի ամենակարևոր որոշում կայացրած մարդուն, ըստ Սահմանադրության ամենակարևոր որոշում կայացնող իրավասու մարդը գերագույն գլխավոր հրամանատարն է։ Վերջին հաշվով մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր, ի՞նչ էր անում Հայաստանից դուրս, ե՞րբ է իրեն զեկուցվել, հարցեր են չէ՞, պետք է կարողանանք ճշտել, երբ իրեն զեկուցեցին ինքն ի՞նչ հրահանգ իջեցրեց համապատասխան կառույցների ղեկավարներին, դրանց մեջ ովքե՞ր էին մտնում, էդ հրամանը ի՞նչ արագությամբ կատարվեց, թե չկատարվեց։ Դրանք հարցեր են, բա ո՞ւմ տանք, բա հո Ռոբերտ Քոչարյանին չենք տա, Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ով են հարցեր տալիս, Սերժ Սարգսյանին, բնականաբար, ապրիլյանով, որովհետև ինքն է եղել գերագույն հրամանատարը»։

Իսկ թե կարծո՞ւմ է, որ նա կգա և հարցերին կպատասխանի, կտա սպառիչ պատասխաններ, արձագանքեց. «Ներքուստ համոզված եմ, որ այս հանձնաժողովի աշխատանքների հետ կապված որևէ մեկը չի կարող չմասնակցել, եթե չի մասնակցում, դա նշանակում է, որ ինքն իր վրա վերցնում է կասկածների մի հսկա բեռ, դա այսօր ոչ մեկը չի կարող իր վրա էդպիսի բան վերցնել»։

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր գործունեության 4 ամիսների ընթացքում արդեն իսկ բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր է ուսումնասիրել, այժմ սկսել է պաշտոնյաներին, այդ թվում՝ առաջնագծում այդ օրերին ծառայություն իրականացրած զինծառայողներին հարցեր ուղղելու փուլը։ Անցած շաբաթ հանձնաժողովի անդամների հարցերին է պատասխանել զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը, ով այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է:

«Մեր խնդիրը ոչ միայն դժգոհություններից տեղյակ լինելն է, այլ բանակի կառավարելիության աստիճանը պատկերացնելը։ Առաջին էտապը մեր աշխատանքի դա միայն փաստաթղթերը, որ մենք պահանջել ենք, որպեսզի մենք հասկանանք՝ այդ ժամանակ մեր զինված ուժերը և պաշտպանության բանակը ինչքանով սինխրոն կառավարելի էին և հրամաններին ինչքանով էին համահունչ ձեռք բերված տեղեկատվության որոշումների և էն բոլոր դիրեկտիվ հրամանների, որոնք պարտադիր են կատարման տվյալ իրավիճակի համար։ Նախ պետք է հասկանայինք իրավիճակը մեր Գլխավոր շտաբը օբյեկտիվ կարողացել է ճիշտ գնահատի՝ ունենալով ձեռքի տակ տեղեկատվություն, գնահատելուց հետո ինքը ճիշտ որոշումներ կայացրել է, թե ոչ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ