Միանգամայն տրամաբանական է, որ նախկին իշխող համակարգը գրեթե առանց բացառության մոբիլիզացվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանության շուրջ

Ոչ միայն անսպասելի չէ, այլ միանգամայն տրամաբանական է, որ նախկին իշխող համակարգը գրեթե առանց բացառության մոբիլիզացվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանության շուրջ: Նպատակներն այստեղ խիստ տարբեր են, բայց շարժառիթները՝ միանգամայն հասկանալի:

Այդ պայքարում սակայն, փորձ է արվում շոշափել հանգամանք, որն ուղիղ հարված է ցանկացած հանրության իրավագիտակցությանը: Մասնավորապես, պաշտպանական աղմուկը գրեթե ամբողջությամբ կառուցված է Հրայր Թովմասյանի հարազատների «անձեռնմխելիության» շուրջ: Ավելին, իրավագիտակցությանն այստեղ հակադրվում է «բարոյագիտակցությունը», կամ հակառակը՝ «բարոյագիտակցությունն» է հակադրվում իրավակարգին:

Մասնավորապես, մատնացույց է արվում, թե Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը կանչվել են ԱԱԾ, այդ հանգամանքը հռչակելով իշխանության անբարոյության ցուցիչ:

Անկասկած, կարող է գոյություն ունենալ ցանկացած կանխավարկած, այդ թվում քաղաքական նկատառումներով իրականացվող իրավական գործընթացի կանխավարկածը: Սակայն, եթե կա քաղաքական հետապնդում, եթե իրավական գործընթացն անհիմն է, ապա այդ պարագայում բացարձակապես կապ չունի՝ Հրայր Թովմասյանի որեւէ հարազատի՞ են անհիմն կանչում ԱԱԾ կամ հարցեր տալիս, թե՞ Թովմասյանի կողքով փողոցում երբեւէ անցած մի որեւէ անծանոթի: Հանիրավի հետապնդումը դատապարտելի է ցանկացած պարագայում, անկախ սեռից եւ տարիքից:

Եթե իրավական գործընթացն ունի հիմքեր, կան հարցեր տալու, կասկածելու հիմքեր, ապա այդ պարագայում անձեռնմխելի չի կարող լինել ոչ ոք, որովհետեւ օրինականությունն ու իրավականությունը հանրային գերակա շահ է եւ վեր է ամեն ինչից, այդ թվում որեւէ քաղաքացու կամ պաշտոնյայի որեւէ հարազատից:

Այդ իմաստով, ի դեպ, Հրայր Թովմասյանի նկարագիրը մեծապես կշահեր, եթե նա կոչ աներ իր պաշտպանությամբ զբաղվող նախկին իշխող համակարգի տարբեր խմբերին ու դերակատարներին՝ որոնց մի մեծ մասն ի դեպ Թովմասյանի առիթով ընդամենը լուծում է շատ ավելի նեղ խմբային խնդիրներ, որ դադարեցնեն շահարկել իր հարազատների հանգամանքը եւ այդպիսով նաեւ հարվածեն հանրային իրավագիտակցությանը:

Իրավունքի, արդարադատության ծառայության մասին ազդարարող Թովմասյանը, որ իր դիրքը հավասարեցնում էր խրամատում կանգնած զինվորին, թերեւս պետք է այդ դիրքին համարժեք կոչ անի իր պաշտպաններին, որ խիստ վտանգավոր է հանրային գիտակցության մեջ բարոյականությունը իրավականությանը հակադրելը, իրավունքի շատ հստակ տիրույթը բարոյականության «աբստրակցիայով» չափելը կամ այլ կերպ ասած՝ իրավունքի գաղափարը մենթալիտետի զգացումին հակադրելը:

Այդ դրվագով, Թովմասյանը զգալիորեն կհամոզեր, որ իրավունքի եւ արդարադատության «խրամատում» կանգնած զինվոր է, որն անգամ յուրայիններին թույլ չի տալիս անցնել իրավագիտակցության սահմանը:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ