Սիրելի՛ դավթաշենցիներ, թյուրըմբռնումից խուսափելու համար` անհրաժեշտ եմ համարում պատասխանել Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի հետ կապված, վարչական շրջանի նախկին ղեկավար` Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառմանը.
Իմ պաշտոնը ստանձնելուց հետո, իմ հրահանգով կապ է հաստատվել Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը կարգավորողների հետ և առաջարկվել էջի կառավարումը փոխանցել Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարությանը։
Ֆեյսբուքյան էջի փոխանցումից հետո էջի տեխնիկական խնդիրները կարգավորելու նպատակով, էջի գործունեությունը ժամանակավորապես կասեցվեց, քանի որ էջը ուներ մի քանի կարգավորողներ, և այդ պարագայում այն դառնում էր անվերահսկելի։ Դա նշանակում էր, որ ցանկացած պահի մեր աշխատակազմի անունից էջում կարող էր տեղադրվել տեղեկատվություն, որը չէր համապատասխանի իրականությանը, կամ այլ կերպ կմեկնաբանվեր։
Մենք մեր աշխատանքին անցնելուց հետո, շարունակում ենք պահպանել մեր վարչական շրջանի բնակիչների հետ անմիջական շփումը, և արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բնակիչների հետ։ Ինչ վերաբերում է սոցիալական տիրույթում ` մասնավորապես ֆեյսբուքում, դավթաշենցիների բարձրացրած հարցերին պատասխանելուն և առկա խնդիրներին արագ արձագանքելուն, ապա մոտ օրերս կբացվի մեր նոր պաշտոնական էջը, որտեղ մեր բնակիչները կշարունակեն բարձրացնել իրենց հուզող խնդիրները։
Նշեմ նաև, որ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն ունի նաև թեժ գիծ, ինչպես նաև տեղի է ունենում բնակիչների ամենօրյա ընդունելություն։ Այս ամենը նշանակում է, որ վարչական շրջանի բնակիչների հետ կապը, թե՛ համացանցային, թե՛ անմիջական շփման միջոցով պահպանվել և պահպանվելու է։ Հորդորում ենք վարչական շրջանի նախկին ղեկավարությանը զերծ մնալ արհեստական խոչընդոտներ ստեղծելուց, այլ փորձել օգնել միմյանց ` ի նպաստ Դավթաշեն վարչական շրջանի զարգացման և մեր բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացմանը։
Հարգանքներով, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար` Միքայել Թումասյան։