«Գյումրին մեր ընտանիքում առանձնահատուկ տեղ ունի»․ Նիկոլա Ազնավուր

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը կնոջ` Կրիստինա Ազնավուրի հետ, այցելել է Գյումրի։ Նա մասնակցել է Գյումրիի բարեկամության այգու վերակառուցման ծրագրի մեկնարկին։ Բարեկամության այգին, որը վերածվել էր տնակային ավանի, վերակառուցվելու է և դառնալու է ժամանցավայր։ Նախ` տարածքն ազատվել է 24 տնակներից։ Այս հարցում աջակցել է նաև «Ազնավուր» հիմնադրամը։

Նիկոլա Ազնավուրը անձամբ է այցելել ու ընտրել ընտանիքներին, որոնք ապահովվել են բնակարանով։ Լրագրողների հետ զրույցում Շառլ Ազնավուրի որդին նշել է, որ Գյումրին իր ընտանիքում առանձնահատուկ տեղ ունի։

«Գյումրին մեր ընտանիքում առանձնահատուկ տեղ ունի։ Հայրս դեռ 1988-ին է մասնակցել Գյումրիի զարգացման վերակառուցման ծրագրերին։ Հիմա էլ դեռ շատ անելիք ունենք։ Առաջին անգամ չէ, որ գալիս ենք Գյումրի։ Հանդիպել ենք այն ընտանիքների հետ, ովքեր այս տարածքից արդեն տեղափոխվել են։

Ու հնարավոր չէր չնկատել, թե շատ համեստ պայմաններում ապրող այդ ընտանիքները ինչ ջերմությամբ էին մեզ ընդունում ու հայավարի սեղաններ բացում։ Հենց այդ ջերմությունն է, որ ձգում և նորից ու նորից է մեզ բերում Գյումրի։ Հուսով եմ՝ այս այգու վերակառուցումը մեծ նշանակություն կունենա Գյումրիի համար»,- ասել է Նիկոլա Ազնավուրը։

Նիկոլա Ազնավուրին գյումրեցի փոքրիկները հոլ՝ ֆռռիկ են նվիրել։ Դրանով խաղալու կանոններին նա առաջին անգամ էր ծանոթանում։

Նշենք նաև, որ Բարեկամության այգին, որի բարեկարգման գործում ներդրում ունի նաև «Ազնավուր» հիմնադրամը, գտնվում է Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ դեռ կենդանության օրոք կանգնեցվել է մեծ շանսոնյեի արձանը։

Մանրամասները` տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ