«Սերժը պիտի կալանավորվի, անպայման պիտի կալանավորվի, իր ամբողջ ազգուտակը կեղծիքի մեջ է թաղված»․ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյան

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ազատության» հետ զրույցում գնդապետ Արմեն Սարգսյանի արած բացահայտմանը, թե Մարտի 1-ի օրերին Կառավարությունում տեղայակված շտաբը, որը համակարգում էր բանակի գործողություններն այդ օրերին, փաստացի ղեկավարել է Սերժ Սարգսյանը, ասաց.

«Իրականությանը շատ մոտ հայտարարություն է արել։ Սերժ Սարգսյանն էլ է թաղված հանցագործությունների մեջ Հոկտեմբերի 27-ից մինչև հիմա։ Սերժը պիտի կալանավորվի, անպայման պիտի կալանավորվի, իր ամբողջ ազգուտակը կեղծիքի մեջ է թաղված»։

Անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի զգուշացում-հայտարարությանը, թե այսօր Արցախի հարցում տարվող քաղաքականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունն է՝ ՀԱԿ վարչության անդամն ասաց.

«Ընդհակառակը, ի՞նչ պարտվողական քաղաքականության մասին է խոսքը։ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ալիևը մտել է փակուղի, բառիս բուն իմաստով պապանձվել է, որովհետև զգում է, որ Հայաստանում կա մի ղեկավար, որը վայելում է ժողովրդի մեծ մասի վստահությունը։ Իսկ եթե ժողովուրդը միասնական է ու առաջնորդին սիրում է, ընդունակ է անասելի քաջագործությունների»։

Մալխասյանի խոսքով՝ Վիտալի Բալասանյանը տարատեսակ սենսացիոն հայտարարություններով «ցանկանում է մխրճվել մեծ քաղաքականություն»։ «Նա և նրա հետևում կանգնած որոշակի ուժեր՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, հույսեր են փայփայում, որ այդ սենսացիաների արդյունքում կհաջողվի Բալասանյանին կնքել Արցախի նախագահ»,- ասաց Մալխասյանը՝ հավելելով, որ վերջնական նպատակն Արցախը ռուսական կայսրության մարզ հայտարարելն է։

«Ռուսական էմիսարները օրը մեջ Ղարաբաղ են լցվում, ինչի՞ համար, որովհետև ռուսները սարսափեցին Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունից, որովհետև ռուսները միշտ իրենց ծրագրերում հաշվարկներ են արել, որ Արցախը պիտի դարձնեն Ռուսաստանի մարզ։ Դեռ Զորի Բալայանից սկսած՝ նամակներ ուղարկեցին ռուսաց թագավորին, թե Արցախը դարձրեք Ռուսաստանի մարզ»,- ասաց Վարդան Մալխասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ