Մարտյան իրադարձությունների ժամանակ զորքի տեղաշարժը ղեկավարել է Սերժ Սարգսյանը

2008-ի մարտյան իրադարձությունների իրադարձությունների հետ կապված 0038 հրամանը գաղտնազերծելու համար դատապարտված գնդապետ Արմեն Սարգսյանը պնդում է, թե այդ իրադարձություններին առանցքային դերակատարություն է ունեցել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախկին պաշտոնյան, սակայն, այլ փակագծեր չբացեց․ — «Ասեմ միայն, որ ես ինքս և իմ ենթակաները մասնակցել ենք այն շտաբ կոչեցյալ միջոցառումներին, որը կառավարության շենքում էր: Խաչատուրովը չի եղել դրա ղեկավարը, Խաչատուրովը եղել է ընդամենը գարնիզոնի պետը, ղեկավարը այդ առումով եղել է Օհանյան Սեյրանը: Ոչ էլ Միքայել Հարությունյանը:

Բայց այդ ամբողջին ղեկավարել է մի այլ մարդ՝ նա, ով հետո դարձավ մեր Հանրապետության նախագահ: Սերժ Սարգսյանը պետք է, չէ՞, դառնար Հայաստանի Հանրապետության նախագահ: Այդ բոլոր եկել էին ո՞ւմ համար: Սերժ Սարգսյանի համար, չէ՞: Այսինքն երկրի վարչապետը ոչ մի պատասխանատվություն չունի՞ երկրում տեղի ունեցողի առումով»:

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց միայն, որ այլոց մտքերը, ցանկությունները չի մեկնաբանում։ Նախկին նախագահը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է որպես վկա:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմը տեղակայվել են Հայաստանի կառավարության շենքում: Եվ որ Խաչատուրովը կազմակերպել է կայազորի աշխատանքները, ինչպես նաև հսկողություն սահմանել Երևան տեղափոխված ռազմական տեխնիկայի, նյութական այլ միջոցների պահպանության նկատմամբ:

Գնդապետ Արմեն Սարգսյանը, ըստ մեղադրանքի, կազմակերպել էր հույժ գաղտնի 0038 հրամանը մամուլում հրապարակելու գործընթացը։

Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջում նշվում է, որ թե՛ Արմեն Սարգսյանը, և թե՛ նրա նախկին աշխատակից Լուսյա Այվազյանը ընդունել են մեղքը, դատն էլ անցել է արագացված ընթացակարգով։

62-ամյա Արմեն Սարգսյանը, մինչդեռ, դատապարտվելուց 9 տարի անց «Ազատության» հետ զրույցում պնդում է, որ անմեղ է, և ինքը կապ չունի հույժ գաղտնի հրամանը գաղտնազերծելու հետ․ — «2008-ին ես խուսափել եմ, իմ ենթականերն են արել, ամբողջովին ինֆորմացված եմ եղել և մասնակցել եմ այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում:

Ես պետք է այդ հրամանով անհրաժեշտ բոլոր ստորաբաժանումներին դիմավորեի և տեղավորեի․․․ Ինչո՞ւ միայն Ղարաբաղից: Այդ հրամանով ինչ որ վերապահված էր, ինձ էլ էր գործառություն վերապահված: Եվ այդ հրամանով վերապահված գործառությունները պետք է կատարեի ի պաշտոնե ես՝ իմ վարչության բաժնի պետերի ու ծառայությունների միջոցով»:

2009-ի դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում «Ռազմական հեղաշրջման հրաման» վերնագրով տպագրվեց 2008-ի փետրվարի 23-ի թվագրմամբ գաղտնի 0038 հրամանի քաղվածքը, որում առկա տեղեկատվությունը համարվում էր պետական գաղտնիք։

Գնդապետ Արմեն Սարգսյանը պնդում է, որ ինքը որևէ մեկին որևէ հրամանի քաղվածք չի փոխանցել։ Պարզապես մարտյան իրադարձություններից հետո հայտնվեց իշխանությունների սև ցուցակում, քանի որ դեմ էր զորքի տեղաշարժմանը։ Դա էլ պատճառ դարձավ, որ հեռանա Պաշտպանության նախարարությունից, ինչին հետևեց իր նկատմամբ քրեական հետապնդումը։ Եվ ստիպված ընդունեց մեղքը, քանի որ, իր պնդմամբ, անգամ ճնշումներ սկսեցին բանեցնել 12-ամյա որդու նկատմամբ։

«Ազատության» հարցին՝ այդ դեպքում ո՞վ է գաղտնի հրամանը հրապարակայնացրել, գնդապետը պատասխանեց. — «Ես գիտեմ: Ես գիտեմ, բայց այսօր չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև զուտ հրամանի ի հայտ գալով, հրամանը «Հայկական ժամանակ»-ում հայտնվելու առումով որոշակի պայմանավորվածություններ են եղել որոշակի մարդկանց հետ: Որոշակի մարդիկ խախտել են այդ պայմանավորվածությունները: Ես դատապարտվել եմ, ես եմ կրել ամբողջ վնասը: Եվ շատ-շատ մարդիկ և՛ այն ժամանակ, և՛ այսօր էլ քաղում են դրա հաջողության պտուղները: Բայց ես այսօր չեմ խոսի»:

9 ամիս բանտում անցկացրած գնդապետ Արմեն Սարգսյանը պնդում է, որ այդ հրամանում ինքն ուներ իր պարտականությունները և տեղյակ էր զորքի տեղաշարժման մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ