Ինչպե՞ս է եղել ամեն ինչ. ոստիկանապետի պաշտոնակատարը ոստիկանի մահվան ելքով դեպքի մասին մանրամասներ է պատմել

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այցելել է գիշերը վիրավորում ստացած ոստիկանին: Այցելությունն ավարտելուց հետո Սարգսյանը դեպքից որոշ հանգամանքներ ներկայացրեց:

«Ոստիկանության ծառայողը պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց, իրենք են հետամուտ լինում նրանց ինքնությունը ստուգելու: Երբ մոտեցել են, վերջիններս դիմել են փախուստի, ոստիկանները հետապնդել են, կարողացել մեկին բռնել: Երկրորդը, որը կարողացել էր դիմել փախուստի, անսպասելի, «Հաղթանակ» զբոսայգու մոտ, մթության մեջ հարձակվել է մեր ոստիկանի վրա, փորձել ազատել իր բռնված ընկերոջը, քաշքշուքի ընթացքում հաջողացրել է ատրճանակը պոկել, որ պարանով ամրակապված է եղել և արձակել կրակոցներ»,- պատմեց նա:

Սարգսյանը նշեց՝ ենթադրում է, որ կենսական նշանակության օրգան է վնասվել, տեղեկացրեց՝ նախնական տվյալներով` մեկ կրակոց է եղել, զենքը դեռ չի հայտնաբերվել, սակայն կարճ ժամանակահատվածում կարողացել են պարզել նշված անձանց ինքնությունը:

«Վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են: Քննության արդյունքներով հարցերի պատասխանները կտրվեն, հանգամանքները կպարզվեն, օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը կապահովվի: Ես կարող եմ ասել, որ օրինապաշտ և իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, ոստիկանների հոտառությունը տեղն է եղել, մոտեցել են ճիշտ մարդկանց: Ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել»,- ասաց Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ