Սիրիայի բանակը մտել է Թաբկա և Թել Թամեր, թուրքական բանակը 2 քաղաք է գրավել

Թուրքական զորքերին դիմակայելու համար քրդերը համաձայնության են եկել Սիրիայի կառավարական ուժերի հետ: Քրդական խմբավորումների ղեկավարները և Բաշար Ասադի կառավարության անդամները բանակցություններ են վարել ռուսական «Խմեյմիմ» ռազմաբազայում:

Բանակցություններից հետո Սիրիայի բանակը սկսել է շարժվել դեպի երկրի հյուսիս՝ դիմակայելու թուրքական զորքերի ներխուժմանը: Սիրիայի բանակը մտել է Մանբիջ, այնուհետև Ռաքքա նահանգի Թաբկա քաղաք, ինչպես նաև նահանգի մի շարք այլ գյուղեր ու բնակավայրեր:

Սիրիայի կառավարական զորքերը մտել են նաև Հասաքա շրջանի Թել Թամեր քաղաք: Նշված շրջանների բնակիչները մեծ ոգևորությամբ են ընդունել սիրիական զորքերի մուտքը: Մի քանի պետական հաստատությունների վրա բարձրացվել է Սիրիայի պետական դրոշը, այդ թվում՝ Հասաքայում և Ղամիշլիում:

Միևնույն ժամանակ թուրքական ուժերը Հասաքայում հրետակոծել են ալ-Դարբասիյա քաղաքը և ալ-Քուրմանիա գյուղը: Ավելի վաղ թուրքական զորքը և նրանց դաշնակից Սիրիայի ազատ բանակը վերահսկողություն էին հաստատել Թել Աբյադ և Ռաս էլ-Այն քաղաքների վրա

Rudaw պարբերականի փոխանցմամբ՝ Ռաս էլ-Այնում թուրքական օդուժը հարվածել է լրագրողների և քաղաքացիական անձանց շարասյանը: Դեպքի հետևանքով կա շուրջ 10 զոհ, այդ թվում՝ օտարերկրյա լրագրողներ:

Հիշեցնենք, որ Սիրիայում հոկտեմբերի 9-ից շարունակվում են մարտերը: «Խաղաղության աղբյուր» անվան ներքո Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում՝ պատճառաբանելով, որ Թուրքիա-Սիրիա սահմանին ցանկանում է քրդական խմբավորումներից ազատ անվտանգության գոտի ստեղծել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ