«Թող իրենց հայելու մեջ նայեն». Փաշինյանը մեկ զարկով երկու նապաստակ խփեց

Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին՝ անվանելով այն «հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք»:

Ալիևն իր ելույթում խոսել է ԱՊՀ տարածքում, մասնավորապես Հայաստանում «ֆաշիստների հերոսացման» մասին՝ նշելով, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք Երևանում կանգնեցվել է ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, որին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կար: «Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն էր: Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Թուրքիայի կողմից Հայաստանի օկուպացման դեմ, պայքարել է Հայոց ցեղասպանության դեմ, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը բազմաթիվ ռուս սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է ռազմաճակատի շատ կարևոր հատվածը: Եվ ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը»,- ասել է ՀՀ վարչապետն ի պատասխան Ալիևի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ