Նախկիններից ում բռնում են, ասում են՝ «քաղբանտարկյալ ենք»: Ընդ որում, էական չէ՝ ինչ հոդվածներ են՝ կոռուպցիա, թալան…

Նախկիններից ում բռնում են, ասում են՝ «քաղբանտարկյալ ենք»: Ընդ որում, էական չէ՝ ինչ հոդվածներ են՝ կոռուպցիա, թալան, ասում են՝ «քաղաքական հետապնդման են ենթարկում մեզ»:

Ու մեղադրանքի էությունն այս հարցում ամենակարեւորն է: Նախկինում եթե մեկին քաղաքական հետապնդման էին ենթարկում, մի շինծու քրեական գործ էին հարուցում, հիմնականում մեկ կամ երկու ոստիկանից ցուցմունք էին վերցնում՝ իրենց «դիմադրելու» վերաբերյալ, եւ քաղաքական գործիչներին տարիներով փակում էին բանտերում:

Ու այդ քաղբանտարկյալ հասկացությունն էլ էնքան վեհ էր հնչում, երբ տեսնում էիր, թե ինչպես եւ ում են բանտարկում քաղաքական պատճառներով:

Իսկ հիմա լրջագույն մեղադրանքներ են ներկայացվում, ասում են՝ դուք թալանել եք այս կամ այն կառույցը, թղթեր եք կեղծել, կոռուպցիա եք արել, պատասխանում են՝ «մենք ֆեյսբուքում ստատուս ենք գրել, դրա համար էլ մեզ բռնում եք»: Բա սա եթե աբսուրդ չի, ապա ի՞նչ է:

Հենց ամենաթարմ օրինակը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը, որը ըստ հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործի՝ հիմնադրամի փողերով ղումարբազություն էր անում: Մարդուն կալանավորել էին, հետո գրավով ազատ էին արձակել, հիմա էլ այլ գործով նորից կալանավորել են, ու նա հայտարարում է, թե իրեն քաղաքական պատճառներով են կալանավորում, ինչ է թե՝ առաջին կալանքից ազատվելուց կարճ ժամանակ անց (ըստ երեւույթին՝ շատ լավ հասկանալով, որ այլ բացահայտումներ կարող են լինել) սկսել է ֆեյսբուքում ստատուսներ գրել ու քննադատել իշխանությանը:

Բայց այս ամենին քաղաքական աստառ տալուն զուգահեռ՝ չի խոսում գործից, չի ասում՝ վերջը, էդ գույքը, որ ըստ մեղադրանքի՝ պիտի հասներ Արցախի մարզեր ու չի հասել, ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, որ գույքը չկար, բայց գումարը փոխանցվել էր:

Հատկապես, որ նախկինների օրոք մշակված սխեմայով չէ քրեական գործը՝ շինծու մեղադրանքով, մարդուն կոնկրետ իր գործունեության հետ կապված մեղադրանք են առաջադրել: Իսկ ինքը ասում է՝ ֆեյսբուքում ստատուս եմ գրել:

Ֆեյսբուքում ստատուս կարող էիր ավելի շատ գրել, կարող էիր՝ ընդհանրապես չգրել, բայց դա ինչ կապ ունի այն գույքի հետ, որ այդպես էլ Արցախ չի հասել: Ինչո՞ւ այդ մասին չես խոսում, ինչո՞ւ գործից չես խոսում:

Բայց մարդը դրա փոխարեն նախընտրում է հայտարարել, թե իրեն կալանավորելով՝ հիմնադրամն են հեղինակազրկում: Այսինքն՝ իր ղումարբազությունը չէր հեղինակազրկում, դե որովհետեւ թաքուն էր, բայց այդ մասին բարձրաձայնելը հեղինակազրկում է: Ու չէ, մարդն իր արածի համար, փաստորեն, մի գրամ չի ամաչում. կալանքից ազատվում է, գնում է տուն ու սկսում է Արցախի մասին հայրենասիրական տողեր գրել, որպես առհավատչյա, պաթոսախեղդ անել մարդկանց՝ Արցախյան բնապատկերների լուսանկաներով, իբր ինքը Արցախն ա՜յ էդքան շատ սիրում է:

Էնքան է սիրում, որ Արցախի շրջանների համար նախատեսված գույքն անհետանում է իր սիրո կրակի քուլաների մեջ:

Ու ոչ միայն ինքը: Հեղափոխությունից հետո նախկինների մոտ Արցախի հանդեպ մի յուրահատուկ սիրատոչորություն է սկսվել:

Արցախը դարձրել են խաղաքարտ, արցախյան լուսանկարները շտապում են տասնյակներով կախել սոցցանցերի իրենց պատերից, որպեսզի «ալիբի» ունենան, որպեսզի հենց որեւէ կոռուպցիոն գործով գան իրենց հետեւից՝ գոռան՝ «տեսա՞ք, մեզ Արցախը սիրելու համար են դատում»:

Բայց նրանցից եւ ոչ մեկը մի պարզ հարցի չի պատախանում՝ հնարավո՞ր է սիրել Արցախն ու թեկուզ մեկ լումա գողանալ այն գումարից, որը այս կամ այն կերպ պիտի ապահովեր Արցախի անվտանգությունը:

Այնպես ու այնքան են շահարկելու այս հարցը, որ մարդիկ պահանջեն ՔրՕրում մի նոր հոդված ավելացնել կոռուպցիոներների համար՝ «Արցախի հանդեպ դավաճանության» մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ