«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ Սիրիայում ստեղծված իրավիճակին:

«Ինչպես տեղյակ եք, երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում, ապա տեղեկացրեց՝ Հայաստանը շարունակելու է այդ առաքելության իրականացումը:

Վարչապետի խոսքով՝ իմաստ ունի, որ այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո դռնփակ ռեժիմում քննարկում անեն և մտքեր փոխանակեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ