Սրանց սանձազերծած «ընդդիմադիր» պայքարին ու պետական դավաճանությանը կեսքայլ է բաժանում

Թե քանի գրոշ արժեն Հայաստանն ու Արցախը ռոբասերժական ավազակախմբի պարագլուխների եւ սրանց աջակից կոչեցյալների համար, այնպիսի սրընթացությամբ ու անթաքույց լկտիությամբ վերահաստատվեց այս խառնակույտի թալանելու եւ սպանելու հնարավորությունից զրկվելուց հետո, որ նույնիսկ սրանց պղծությանը չկասկածողներս մի պահ շվարեցինք։

«Հայրենապաշտական» ճամարտակություններով իրենց ոճրագործությունները մոռացության մատնելու զավեշտալի փորձ անողները, «Հայկի նետը» խեղկատակի ծամածռություններով «Բելի» դեմ ճոճող «կոմսոմոլիկները», Գարեգին Նժդեհ, Աշոտ Նավասարդյան ու Վազգեն Սարգսյան անուններով իրենց ջեբկիրական ողորմելի կենսագրությունները գունազարդողները, Հայաստանն անդունդի եզրին հասցնելու իրենց «փորձառությունը» որպես Աստծո պարգեւ անամոթաբար ճոճողներն ամեն օր ու ամեն ժամ հասարակությանն «օգնում են», որ կարճ հիշողություն ունեցողները հանկարծ ու՝ չմոռանան, թե ինչ աղետից են փրկվել։

Աղետն՝ աղետ, փրկվելը՝ փրկվել, բայց սրանք չեն էլ փորձում թաքցնել, որ իրենց սանձազերծած «ընդդիմադիր» պայքարին ու պետական դավաճանությանը կեսքայլ է բաժանում, տեղ-տեղ՝ չի էլ բաժանում, եւ այս իրողությունը հասարակությանը եւ Հայաստանի իշխանությանը պետք է առավելագույն չափի զգոն պահի։

Սրանք ընդունակ են ամեն ինչի։ Առանց խտրության։

Իսկ ընդունակ են, որովհետեւ բոլորս ենք տեսնում՝ իրենց կաշին ու թալանը փրկելու համար ոչ միայն Հայաստան պետության դեմ «դրսից տղա բերելու» ստորագույն գործին են լծված, այլեւ Արցախն ու Հայաստանն իրար դեմ հանելու դավաճանական ճամփան են բռնել, եւ այս հրեշավոր ծրագրի գլխին կանգնած են երկու մարդ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը։

Որքան էլ Հայաստանի հասարակությունը մինչեւ հոգու խորքն ատելությամբ լցված լիներ արցախցի այս երկու հանցագործների նկատմամբ, որքան էլ շշուկով փոխանցեինք իրար այն անհերքելի փաստերի մասին, որ ե՛ւ 2004-ի ապրիլի 12-ի հրեշավոր գիշերը, ե՛ւ 2008-ի մարտի 1-2-ի արյունալի դեպքերի ժամանակ ՌոբաՍերժիկը չի խորշել Արցախում մարզած իր ավազակախմբին քսի տալ հայաստանցիներիս վրա, միեւնույն է՝ ընդդեմ ավազակապետության պայքարող ո՛չ մի հայաստանցի ընդդիմադիր առաջնորդ ու քաղաքական գործիչ չի խախտել այն երկրակործան սահմանը, որ հիմա գրեթե ամեն օր խախտում են այս սիամական զույգը եւ սրանց «պատժիչ ջոկատի» խաժամուժը։ Մենք հիմա դեմհանդիման ենք մղձավանջային երազ թվացող այն իրողությանը, որ գեներալական մակարդակով Արցախից լկտի, նաիրիհունանյանական մակարդակի սպառնալիքներ են հնչում Հայաստանի իշխանությունների եւ այդ իշխանությանն ընտրած Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։

Եվ ինչու՞։

Որովհետեւ վերջապես վրա է հասել սրանց քսանամյա չարագործությունների համար պատասխան տալու ժամանակը, եւ սրանք Հայաստանն ու Արցախը դրել են կշեռքի մի նժարին, իրենց թալանն ու ազատությունից զրկվելու վտանգը՝ մյուս նժարին։ Եվ ի՞նչ են անում։ Տարիներով Արցախի ճամփան մոռացած եւ արտերկրներում իրենց թալանը կազինոներում ու կալահարիներում վատնող անհայրենիք սրիկաները՝ իրենց կավատների հետ միասին, անսպասելի սկսել են անհագ սիրուց հալումաշ լինել Արցախի նկատմամբ։ Եվ սրանց ամեն այցից հետո Արցախում մի քանի հոգեխանգարված «հերոս» ընկնավորվում է ու սկսում բռունցքը թափահարել Հայաստանի ուղղությամբ։

Հետեւանքները սրանց չեն հետաքրքրում, սահմանին կանգնած պատանիների կյանքը սրանց համար արժեք չունի, Արցախում ապրող շարքային քաղաքացին ու սահման պահող գյուղացին սրանց համար ընդամենը պոտենցիալ գործիքներ են ընդդեմ Հայաստանի իշխանության։ Կստացվի՞ մի քանի անուղեղների հավաքագրել՝ շատ լավ, չի՞ ստացվի, անհաջողությա՞ն կմատնվի իրենց դիվային ծրագիրը, ցանկացած պահի կփախչեն երկրից՝ ե՛ւ անուղեղներին, ե՛ւ անմեղներին թողնելով հակառակորդի կրակի տակ. միայն եփած հավը կարող է չհասկանալ, որ սրանք իրենց միլիոնների ու միլիարդների մեծագույն մասը պահ են տվել օտարերկրյա բանկերում եւ օֆշորային պետություններում։

Իսկ ի՞նչ պետք է անեին քսան տարի Հայաստանի գլխին բազմած այս երկուսը ստեղծված իրավիճակում, եթե նույնի՛սկ վստահ են, որ իրենք անմեղ են նորածին մանկան պես, եւ իրենց առանձնակի դաժանությամբ հալածում է Հայաստանի սարսափազդու բռնապետ իշխանությունը։

Շատ պարզ բան. իրենց սրտակեղեք հայտարարություններում պարտադիր պետք է ընդգծեին, որ Արցախը չպետք է խառնվի Հայաստանի ներքին գործերին եւ խնդրեին իրենց հանդեպ անհուն սիրուց ամեն առավոտ ու իրիկուն ընկնավորվողներին, որ ատամները սեղմեն ու դիմանան այս չլսված-չտեսնված «անարդարությանը», ինչպես որ այս նույն ՌոբաՍերժիկի իշխանության տարիներին Հայաստանի բանտերը լցված քաղբանտարկյալներն էին արժանապատվորեն դիմանում ու լռում շատ բաների մասին։

Հանուն Արցախի։

ilur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ