Գործ ունենք անհեթեթությունների՞, թե՞ պետական անվտանգության տեսանկյունից բավականին լուրջ մարտահրավերների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է որակել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները, որ շրջանառվել էին հոկտեմբերի 8-ին որոշ կայքերում: Տոնոյանի հնարավոր պաշտոնանկության մասին խոսվում էր ավելի վաղ, ավելի շուտ հրապարակվում էին տեղեկություններ ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխության շրջանում:

Այդ ժամանակ դրանք հերքվեցին, բայց փաստորեն շարունակվում են նույն համառությամբ, իսկ հոկտեմբերի 8-ին որոշ կայքեր տարածել էին որպես արդեն կարծես տեղի ունեցած իրողություն: Եվ ահա, վարչապետ Փաշինյանը անհեթեթություն է որակել այդ լուրերը:

Սակայն, իհարկե, այստեղ առնվազն հարց է առաջանում՝ գործ ունենք անհեթեթությունների՞, թե՞ պետական անվտանգության տեսանկյունից բավականին լուրջ մարտահրավերների և ռիսկերի հետ, որ առաջանում են այդօրինակ տեղեկությունների տարածումով: Ի վերջո ակնառու է, որ այդօրինակ տեղեկությունները բավականին անորոշություն և կարկամություն են առաջացնում այն ոլորտներում, որոնց ղեկավարների մասին է խոսքը: Իսկ տվյալ պարագայում խոսքը մի ոլորտի մասին է, որը չափազանց առանձնահատուկ և կարևոր է ցանկացած պետության և բազմակի ավելի՝ պատերազմող պետության պարագայում:

Ըստ այդմ, տեղի ունեցողն այլ բան չէ, քան տեղեկատվական դիվերսիա ոչ թե քաղաքական իշխանության, այլ պարզապես պետության դեմ, և այն անհեթեթություն որակելը թերևս մեղմ գնահատական է:

Տեսանյութը ստորև…

Նյութի Աղբյուր՝ https://www.lragir.am/2019/10/09/483275/

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ