Շենգավիթի նախկին թաղապետը կասկածվում է Ապրիլյան պատերազմի ժամանակ մի քանի ավտոմեքենաներ Արցախ չուղարկելու, այլ իր մտերիմներին նվիրաբերելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6 րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան քաղաքի Շենգավթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանի վերաբերյալ:

Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում բարեգործական նպատակներով Արցախի Հանրապետություն ավտոմեքենաներ ուղարկելու պատրվակով իր ղեկավարած վարչական շրջանի տարածքում գործող տարբեր տնտեսվարողներից հավաքագրել է տարբեր չափերի հասնող գումարներ:

Այդ գումարներով նույն թվականին Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերվել «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաներ, սակայն նշված տրանսպորտային միջոցները Արցախի Հանրապետություն ուղարկելու փոխարեն նախկին թաղապետը նվիրաբերել է իր մտերիմ անձանց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության 6-րդ վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

SHAMSHYAN.com-ը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով բազմաթիվ հեռախոսազանգեր է կատարել Ա. Սարգսյանի հեռախոսահամարին, սակայն կամ հեռախոսազանգին չէին պատասխանում, կամ հեռախոսն անհասանելի էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ