«Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար». Նիկոլ Փաշինյան

Հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար: Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովում՝ իր բացման խոսքում, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանում անցկացրած մի քանի օրերին կոնգրեսի մասնակիցները կզգան այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ «մեր երկրին համակել է նախորդ տարի ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո»:

Այդ հեղափոխությունը, նրա խոսքով, տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, որի արդյունքում ՀՀ-ն համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն: «Մենք հիմա գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջափուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ, որովհետեւ մենք տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, որ նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով ու հավակնություններով»,- ասաց վարչապետը:

Հայաստանի տնտեսությունը, Փաշինյանի բնորոշմամբ, տպավորիչ աճ է գրանցում: «Այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ: Մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է արձանագրում, ունենք տուրիզմի 13 տոկոս աճ: Տպավորիչ աճ է գրանցում նաեւ տեխնոլոգիական ապրանքների արտահանումը: Առաջին 7 ամսվա տվյալներով՝ միջին տեխնոլոգիական ապրանքների արտահանումը աճել է 40,9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը՝ 34,4 տոկոսով:

Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորարական առաջատար երկրներից մեկը աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն: Այս նպատակը մեզ հասանելի եւ իրատեսական է թվում նաեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են»:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ