Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները ոտքի կանգնեցին՝ ի նշան բողոքի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Մարտի մեկի» գործով Սահմանադրական կարգը տապալելու գործով մյուս ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները հերթական դատական նիստի մեկնարկին մի քանի րոպե կանգնած մնացին՝   այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու գործով կալանավորված Նարեկ Մութաֆյանի եւ նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը հանդես եկավ հայտարարությամբ:

Խուդոյանն ասաց, որ ՀՀ վարչապետի կողմից արվել է մի արտահայտություն, որը դատավորին հարցեր ուղղելով արել է Նարեկ Մութաֆյանը, արդյունքում վերջինս եւ նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են:

«Այդ իրադարձություններին նախորդել են բոլորին քաջ հայտնի դեպքեր, ՀՀ դատարանների մուտքերի փակում, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ ֆիզիկական բռնության  գործադրում, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների եւ ֆիզիկական բռնության կիրառում: Այս դեպքերում դերակատարում ունեցող անձանց գործողություններին չի տրվել համարժեք քրեաիրավական գնահատական: Մինչդեռ, ձեզ կատարված հարցադրումների կապակցությամբ ձեր հաղորդման հիման վրա երկու անձինք կալանավորված են:

Այսինքն՝ մենք տեսնւմ ենք հստակ խտրական վերաբերմունք եւ  հիմք ընդունելով ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձեւը նրանք քաղաքական բատրակյալներ են: Հատկանշնական է, որ խտրական վերաբերմունքով քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց ձեր անձի շուրջ, հենց այդ է պատճառը, որը այս հայտարարությունը ուղղվում է ձեզ: Ձեր վարույթում քննվող այս գործով քաղաքական հետանդման են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ձեր ներկայացրած հաղորդման հիման վրա են հետապնդվում 2 երիտասարդ: Հորդորում ենք այսուհետ հետեւողական լինել, քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում իրականացնել արդարադատություն»,-հայտարարեց Խուդոյանը:

Ինչից հետո դահլիճում ներկա գտնվող Քոչարյանի աջակիցները սկսեցին ծափահարել՝  ձեռքերում պահելով Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի լուսանկարները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը։ Նրանք մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ: Դատարանի որոշմամբ տղաների նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ