Պուտինի սառն արձագանքը Ալիեւին. Երեւանի կոշտ պատասխանը

Չնայած մեր անձնական շփումներում դադար կար, բայց մեր երկու երկրների միջեւ հարաբերությունը շարունակել է հաջող զարգանալ, Սոչիում ընդունելով Իլհամ Ալիեւին` հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Ալիեւը Սոչի է ժամանել Վալդայ միջազգային փորձագիտական ակումբի հյուրի կարգավիճակով եւ հանդիպել նաեւ ՌԴ նախագահի հետ:

Ադրբեջանի նախագահը արձագանքել է կարոտալից տրամադրությամբ, ասելով, թե չեն հանդիպել չորս ամիս, ինչն ըստ նրա բավական երկար ժամանակ է, հաշվի առնելով իրենց նախորդ տարվա շփումների հաճախակիությունը: Ի դեպ, այդ շփումների թիվն, ըստ Ալիեւի, եղել է չորսը: Միջինը ստացվում է եռամսյակը մեկ, եւ եթե Ալիեւի համար այդ պարագայում ընթացիկ քառամսյա դադարը մեծ է, ապա իսկապես դրա մասին հիշատակումը նա անում է կարոտալից տրամադրությամբ:

Դատելով Պուտինի ակնարկից, նա այդքան էլ չի զգացել Ալիեւի կարիքը: Համենայն դեպս նշելով, որ առանց իրենց հանդիպման էլ երկու երկրների հարաբերությունը զարգացել է եւ շարունակում է զարգանալ, Պուտինն ըստ երեւույթին ակնարկել է հենց Ալիեւի «անհրաժեշտության» բացակայությունը:

Փոխադարձ այդ ուշագրավ տողատակով եւ նրբերանգներով երկխոսության համատեքստում է նաեւ օգոստոսին Սոչիում նախատեսված Իրան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ Վեհաժողովը, որը սակայն տեղի չունեցավ «տեխնիկական» պատճառներով, ու հայտնի չէ, թե երբ կլինի:

Այդ իմաստով, Երեւանից հետո Ալիեւի հետ հանդիպումը ըստ երեւույթին Պուտինի «մխիթարական» մրցանակն է նրան, որից առաջ էլ Լավրովն էր հովացրել Ալիեւի «կարոտած» սիրտը՝ քննադատելով Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը: Այն, որ Լավրովը դա անում է ոչ թե օգոստոսին՝ երբ հնչել է այն, այլ հոկտեմբերին՝ երբ Պուտինի հետ հանդիպման է գալիս Ալիեւը, արդեն իսկ խորհրդանշում է այդ հայտարարության հենց «մխիթարական» լինելը:

Մինչդեռ առավել ուշագրավ է այն, որ ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությանը բավականին կոշտ է արձագանքել Հայաստանի արտգործնախարարությունը, որի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է ընտրովի եւ միակողմանի բնույթի գնահատականներից զերծ մնալու անհրաժեշտության մասին:

Երեւանի սուր պատասխանը թերեւս որոշակիորեն հուշում է, թե ինչպիսին է եղել Փաշինյան-Ռոհանի-Պուտին եռանկյունում Արցախի եւ ռեգիոնալ անվտանգության հարցի քննարկման տրամաբանությունը:

Թերեւս նաեւ դրա համար է Ալիեւը «կարոտել» Պուտինին, արժանանալով սակայն նրա բավականին սառը արձագանքին՝ «առանց մեզ էլ հարաբերությունը զարգանում է» եւ առնվազն այս շրջափուլում պետք չէ հավակնել «մխիթարական մրցանակից» ավելիին:

lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ